3.16.2016

Խաչիկ Դաշտենց.«Ռանչպարների կանչին»

Հայ խորհրդային գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցը ծնվել է 1910 թվականի մայիսի 25-ին Դաշտադեմ գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը, Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժինը։ 1965 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Դասախոսել է Երևանի բուհերում։ 1965-1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող:


Խաչիկ Դաշտենցն իր գրական ուղերթն սկսեց բանաստեղծություններով։ Նրա առաջին երգերն արժանացան Եղիշե Չարենցի հատուկ վերաբերմունքին։ Պահպանվել է Չարենցի երկու գրությունը՝ մեկն ուղղված Հայպետհրատի այն ժամանակվա տնօրեն Էդուարդ Չոփուրյանին, մյուսը՝ հայտնի ձևավորող-նկարիչ Տաճատ Խաչվանքյանին, ուր խոսք է գնում Դաշտենցի գրքի որակյալ տպագրության մասին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երգերի գիրք»-ը, լույս է ընծայել 1932 թվականին: Այնուհետև հրատարակել է «Գարնանային երգեր» (1934), «Բոց»(1936) ժողովածուները և «Տիգրան Մեծ» չափածո ողբերգությունը։ Անգլերենից թարգմանել է Շեքսպիրի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճասեր կանայք», «Ռիչարդ Երրորդ», «Հուլիոս Կեսար», «Լիր արքա», «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունները ու պատմական քրոնիկներ, Հ. Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը» (1958), «Ռոբին Հուդ» (1945), Ռ. Բրաունինգի «Համելինի նախշուն սրնգահարը» (1963), Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին»։ Կազմել է հայկական դպրոցների համար անգլերենի դասագիրք:Սակայն իր ստեղծագործական վերելքի գագաթնակետը եղավ  «Ռանչպարների կանչին» վեպը:

«Ռանչպարների կանչին»
«Ռանչպարների կանչին» Դաշտենցը նվիրեց իր կյանքի և հոգու մեծ հատվածը։ Այն լույս է տեսել 1979թ, Դաշտենցի մահից հինգ տարի հետո:
«Ռանչպարների կանչը», որն Դաշտենցի գլխավոր գիրքն է, պատմում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազգային ազատագրության այն հերոսների մասին, որոնք պատմությանը հայտնի են «հայդուկներ» (ֆիդայիներ) անունով։ Հայոց դպրևանքի պատանիներից մեկը՝ «Մախլուտո» մականունով, «Ռանչպարների կանչով» դառնում է ազգային շարժման զինվոր և այդ կետից սկսած պատմում է իր կյանքի դրվագները: Մախլուտոյի պատմությունների մեջ ազատագրության հերոսները ներկայանում են հայրենասիրական խոր ապրումներով, հանդես են բերում բարոյական բարձր սկզբունքներ և իրենց ռամկական պարզ բնավորությունը համադրում են ասպետական վարքագծի հետ։
Հայդուկների պարտիզանական շարժումը դեմոկրատական խոր արմատների և ազատագրական արդար շնչի մի շարժում, ծնվեց իբրև թուրքական սաստկացող բռնությունների դեմ ուղղված ընդդիմադրություն: Դաշտենցի հերոսները  պատմական անձնավորություններ են, որոնք Սովետական  Հայաստանի պատմության  գրքերի մեջ  տեղ  չէին գտնում: Նրա հերոսները մարդիկ են, ովքեր իրենց կյանքը նվիրում են թուրքական լծից  հայ ժողովրդի ազատագրման պայքարին: Դաշտենցը ներկայացնում է հերոսներին իրենց  ծննդավայրով, ու պատմություններով՝ իրադարձությունները ու գործողությունները կոնկրետ ժամանակով և ստույգ տեղերով կապելով: Նա այնքան է  ուսումնասիրել իրական պատմությունները, որ  դարձել է աշխարահագրագետ, քաղաքագետ: Նրա գրական հերոսները մեր պատմական հերոսներն են Աղբյուր Սերոբը, Սպաղաց Մակարը, Գևոևգ  Չաուշը, Անդրանիկը, Դժողք Հրայրը, Սմբատը, Գալեն, Չոլոն, Մորուք Կարոն, Արծիվ Պետոն, Սևքարեցի Սաքոն, Կայծակ Անդրիաստ, Տեր Քաջի Արամը, Կոտո Հակոբը, Ալադի Միսակը, Մուքոն,ՙԲամբուկո Մելոն: Վեպում շատ են հայոց բնաշխարհը նկարագրող տողեր, բնակատեղերի անուններ, նրանց կապող ճանապարհներ, հայրենի լեռներ, բերդերի անուններ, եկեղեցիներ, անվանակիր ընկուզենիներ: «Ռանչպարների կանչին» ավելի շուտ վիպասք է նվիրված մեր հերոսներին: Դաշտենցը օգտվել է բանահյուսական նյութից՝ էպիկական և քնարական երգերից, ավանդություններից և թևավոր խոսքերից։


Դաշտենցը, որպես մտածող մարդ, փորձում է վերլուծել իրադարձությունները և անել հետևություններ: Էական գաղափարական շեշտը հայ ռանչպարների ռուսական կողմնորոշման բացահայտումն է։ Թուրքական բռնություններին ենթակա հայ գեղջուկները, բնականաբար, իրենց հայացքն ուղղում են դեպի Ռուսաստան՝ այդտեղից սպասելով փրկության լույսը։ Այս կողմնորոշման բնական շարունակությունն է ռանչպարների մնացորդների համախմբումը Խորհրդային Հայաստանի հողի վրա, ուր նյութականանում ու մարմին են առնում նրանց պատմական երազները։ Դաշտենցի այս մտածողությունը երևի գալիս է նրանից, որ նա ապրում էր Խորհրդային  Հայաստանում  և երևի այս գաղափարախոսությունը եթե չլիներ նրա գրքում, նրա գիրքը որպես խիստ ազգայնական գիրք չէր հրապարակվի  և  մենք այդպես էլ չէինք կարդա մեր հերոսներին նվիրված վիպասքը

1 comment:

  1. Վեպը կոչվում է «Ռանչպարների կանչը»

    ReplyDelete