Տասնիններորդ դարի հայ գրականության հայտնի հեղինակներից մեկը` Ալեքսանդր Շիրվանզադեն ծնվել է 1858 թվականին Շամախի քաղաքում, դերձակի ընտանիքում: Տեղի դպրոցում մի քանի տարի սովորելուց հետո Շիրվանզադեն կիսատ է թողնում ուսումը, մեկնում է Բաքու` աշխատելու և ծնողներին օգնելու համար:
Իր գրական գործունեության ընթացքում Շիրվանզադեն թղթակցել է հայկական և ռուսական մամուլին.. իր հրապարակումներում բարձրաձայնել է հասարակության տարբեր խավերի սոցիալական խնդիրների մասին, ներկայացրել շինարար-աշխատավորների, գյուղացիների կյանքը և դրությունը: Շիրվանզադեի առաջին գրական ստեղծագործությունը տպագրվել է 1883 թվականին «Մշակ» թերթում: 1884 թվականին Շիրվանզադեն տեղափոխվում է Թիֆլիս. սկսելով շփվել տեղի մտածողության հետ` նա էլ ավելի է զարգացնում գրողի իր տեսակը և դառնում է առավել հայտնի: Թերևս որպես հաշվապահ` Շիրվանզադեի երկրորդ մասնագիտությունը օգնել է նրան օբյեկտիվորեն ներկայացնել գործատու և աշխատող հարաբերությունները, սոցիալական խնդիրները, որոնքառաջանում են երկուսի աշխատանքում: Շիրվանզադեն գրում է ռեալիստական ոճով` վեպերի միջոցով ներկայացնելով է բարդ սյուժե, երբեմն դրամատիկ հանգուցալուծում ունեցող պատմություններ:
«Քաոս»
«Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ էր»: Հետևյալ նախադասությամբ է սկսվում Շիրվանզադեի ամենահայտնի վեպերից մեկը` «Քաոսը»: Մեծահարուստ Ալիմյանի մահվանից հետո, նրա երեք որդիները պայքար են սկսում վերջինիս հարստությանը տիրանալու համար: Սմբատը, որ որդիներից ամենապարկեշտն, կրթվածն ու զարգացածն էր (բայց միարժամանակ «դավաճանն» էր, որովհետև ամուսնացել էր ռուս կնոջ հետ), ժառանգում է ընտանեկան ունեցվածքի մեծ մասը, պայմանով որ պետք է հրաժարվի իր կնոջից և կազմի նոր ընտանիք հայի հետ: Միքայելը, որ ցոփ ու շվայթ կյանքով ապրող երիտասարդ էր, ստանում է ամսեկան մի չնչին թոշակ ունենալու հնարավորություն, իսկ Արշակին` կրտսեր որդուն, որ կրկնօրինակում էր Միքայելի վարքագիծը, բաժին է հասնում որոշակի գումար, միայն չափահաս դառնալու և ճիշտ կյանքով ապրելու պայմանով: Իհարկե ժառանգության ոչ հավասար բաշխումը կոնֆլիկտ է ստեղծում երեք եղբայրների հարաբերություններում: Ժառանգության համար պայքարողների շարքում գումարվում է նաև չորրորդ ժառանգի` Ալիմյանի դուստր Մարթայի ամուսին Մարութխանյանը, ով իր հնարամիտ խաբեբայուրթամբ էլ ավելի է լարում Միքայելի և Սմբատի հարաբերությունները: Բայց օրերից մի օր հայտնվում է Շուշանիկը` Սմբատի հաշվապահի եղբոր դուստրը, և իր գեղեցկությամբ և անմատչելիությամբ գերում է Միքայելին: Այստեղ ծնվում է նոր հակամարտության թեման` Շուշանիկը հրապուրված էր Սմբատով: «Որքան զանազանության կա Ձեր և Ձեր եղբոր միջև», ասում է Շուշանիկը և էլ ավելի սրում երկու եղբայրների թշնամությունը: Վեպում կատարվում է մի իրարդարձություն, որ ամբողջովին փոխում է դեպքերի ընթացքը: Ալիմյաններին պատկանող Նավթահորերում բռնկվում է հրդեհ: Միքայլելը` ով Շուշանիկի աչքերով չար, անկիրթ և կնամոլ երիտասարդ էր, դառնում է հերոս, որովհետև խիզախաբար վտանգում է իր կյանքը բանվորներին և Շուշանիկի հորը փրկելու համար: Ի հակադրություն դրան, Սմբատը բացահայտում է իր իրական տեսակը. փող առաջարկելով աշխատավորներին այրվող մարդկանց օգնելու համար, նա վերջնականապես արժեզրկվում է Շուշանիկի և իր ենթակաների աչքում: Դրանով` եղբայրների մեջ փոխվում են լավի և վատի, չարի և բարու, քաջի ու վախկոտի տեղերը: Շուշանիկը սիրահարվում է Միքայելին և վեպը ավարտվում է Սմբատի հետևյալ խոսքերով «Միքայելը բախտավորվեց, իսկ ես միշտ անբախտ կմնամ»...
No comments:
Post a Comment