11.12.2013

Կինը` Սասնա ծռեր էպոսում


Եթե ուշադիր կարդանք «Սասնա Ծռեր» էպոսը, ապա կնկատենք, որ նրանում կնոջ դերը գերակայում է: Էպոսը սկիզբ է առնում Ծովինարով, ով, հղիանալով ջրից, ծնում է Սանասարին և Բաղդասարին: Ծովինարը դառնում է սերնդի սկիզբը, այսինքն` էպոսի նախամայրը, իսկ նախահայրը այս դեպքում ջուրն է: Էպոսում Ծովինարը մարմնավորում է հայ կնոջ գեղեցկությունը և արիությունը, ով պատրաստ է գնալու ինքնազոհության, իր ազգը փրկելու համար: էպոսում Ծովինարին հաջորդող քաջ ու արի կնոջ կերպարը Սանասարի կնոջ` Դեղձուն Ծամի կերպարն է, ով ինքն է ընտրում իր ամուսնուն, և կարողանում է գրավել նրան, իր գեղեցկությամբ և խելքով: Էպոսի երրորդ սյունը Արմաղանն է,` Մհերի կինը: Նա ամուսնու հետ միասին ղեկավարում էր Սասունը: Եվ վերջում համաձայնում է զոհաբերվել` հանուն իր որդու` ազգի ու նրա առաջնորդի, հանուն տոհմի շարունակության ու իր երկրի հզորացման: Դավթի
կինը` Խանդութը քաջ, խելացի ու հավատարիմ` հայ կնոջ կերպար է: Նա իր խելքով և քաջությամբ ամուսնուն չէր զիջում, և ամուսնու մահից հետո իրեն ժայռից ցած է նետում: Էպոսի վերջին կին հերոսը Գոհարն էր, Փոքր Մհերի կինը, ում մահվանն ականատես եղավ Փոքր Մհերը: Ստացվում է, որ էպոսում կանայք ոչ պակաս հերոսներ ու զորավարներ էին: Էպոսում ամբողջացվում է մայրիշխանությունը, և հայերիս կողմից կին էակի սրբազնացումը: Էպոսի կանայք իրենց խելքով և քաջությամբ, ոչ միայն չեն զիջում էպոսի քաջ հերոսներին այլև ավելի մեծ նշանակություն ունեին էպոսում, քան հենց իրենք` հերոսները: Չէ՞ որ կինն է սերննդի շարունակողը, և նա է լույս աշխարհ բերում նրանց, ովքեր հետո պիտի պաշտպանեն երկիրը: Կինը հող է, որի վրա են աճում բոլոր բարիքները, առանց որի կյանք լինել պարզապես չի կարող:


8 comments: