1. Մի փոքր պատմեք Ձեր մանկության մասին, դպրոցական տարիներին արած խենթությունների ու ամենարկածային դեպքերի մասին:
- Դե դա մի փոքր չի պատմվի, շատ էին հետաքրքիր դրվագները․․․ Էդ տարիքում ինչ էլ անում ես՝ կամ հետաքրքիր է ստացվում կամ գոնե էդպիսին է թվում: Բաներ կպատմեմ, որոնք կարող են հիմա տարօրինակ թվալ: Դե, ասենք, որ ցուրտ ձմեռներին, երբ դեպի Բանգլադեշ եկող ավտոբուսները մեր կանգառով անցնում էին ժամը մեկ, և նստելը վտանգավոր էր կյանքի համար, մենք՝ ես ու դասընկերուհիս, քանի անգամ ստիպված ենք եղել ոտքով գալ դպրոց: Հաշվի առեք, որ եկել ենք երրորդ մաս կոչվող թաղամասից: Մեկուկես ժամ անընդմեջ քայլել՝ չդադարող ձյան ուղեկցությամբ: Ընդ որում՝ ուրախ-զվարթ, առանց նվնվոցի, հասել ենք դպրոց ու անմիջապես անցել գործի՝ այնքա՜ն անելիք կար: Մեր դասարանից էին սկսվում բոլոր ուրախ գաղափարները՝ ներկայացումներ, պատի թերթեր և այլն: Ինտերնետն այն ժամանակ դեռ ֆանտաստիկայի ոլորտից էր, մենք սպիտակ վատմանի վրա պատի թերթ էինք սարքում, ինչպես դուք հիմա ձեր բլոգն ու էջերն եք սարքում, վաղ առավոտյան փակցնում պատին և խնդրեմ, վարժարանի՝ այդ օրվա ուրախ ժամանցն ապահովված էր: Հիմա ֆեյսբուքի պատն է, այն ժամանակ՝ դասարանի պատն էր: Պակասը չէր, ասեմ ձեզ J
2. Ինչ որակներ եք ստացել հենց կրթահամալիրից
- Ինքնավստահություն՝ համոզվածություն, որ չկա անհաղթահարելի խոչընդոտ, չկա որևէ բան, որ իմ ուժերից վեր է: Սովորել եմ գնահատել մարդկանց, որոնցից ամեն օր ինչ-որ բան եմ սովորում: Սովորել եմ փնտրել սեփական լուծումներ՝ անկախ նրանից, թե ինչ է նույն հարցի շուրջ մտածում մեծամասնությունը: Մտածել եմ սովորել: Սիրում եմ մտածել ամենատարբեր հարցերի շուրջ: Իմ ամենասիրելի զբաղմունքներից է:
3. Ինչն եք կարևորում կրթահամալիրային առօրյայում
- Ամենակարևորն իհարկե մթնոլորտն է: Այն շունչը՝ ազատ, թեթև, անկաշկանդ՝ մտածելու, ստեղծագործելու, ապրելու: Ձևականությունից ու պարտադրանքից ազատ մթնոլորտը: Ամեն օր ինչ-որ նոր բան ստեղծելու հնարավորությունը: Սեփականը ստեղծելու ու այն բոլորինը դարձնելու հնարավորությունը:
4. Ինչ նախասիրություններ ունեք, ինչով եք սիրում զբաղվել ազատ ժամանակ:
- Ազատ ժամանակ վերջապես զբաղվում եմ տան անհրաժեշտ գործերով J: Մնացած բոլոր ժամերը ես համարում եմ զբաղված: Նույնիսկ երբ կլանված ինչ-որ հարցի շուրջ մտածում եմ․ թեկուզև արտաքինից կթվա, որ ազատ եմ, բայց եթե գլխումս կարևոր բան է կատարվում, ուրեմն արդեն զբաղված եմ: Չնայած հաճախ աշխատում եմ համատեղել երկու կամ երեք գործ՝ միաժամանակ ասենք արդուկ անել, հեռուստացույց նայել, հեռախոսով խոսել, գրել և այլն․ ինչ որ հնարավոր է, աշխատում եմ համատեղել: Ինչ վերաբերում է երաժշտություն լսելուն կամ կարդալուն, ապա երաժշտությունը գործնականում միշտ միացված է՝ համակարգչում, հեռուստացույցում, իմ փլեերում կամ պարզապես իմ գլխում J: Կարդալը դե նույնպես անընդհատ է, ցավոք՝ վերջին շրջանում ժամանակս չի հերիքում գեղարվեստական գրականության համար, այ իմ սիրելի Վոնեգուտի գրքերից մեկն արդեն կես տարի է՝ դարակում ինձ է սպասում:
5. Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել երաժշտությամբ:
- Երևի պետք էր այդպես, ուղղակի զգացի, որ ինձ դա իրոք պետք է: Ես երկար պտտվեցի այլ ափերում, հետո եկա այնտեղ, որտեղ ամենափոքր տարիքում ինձ լավ էի զգում: Մի պտույտ կատարեցի ու գտա ինքս ինձ այնտեղ, ուր թողել էի շատ տարիներ առաջ:
6. Ինչքան ժամանակ է անհրաժեշտ մի երգի ստեղծման համար:
- Երգերը ես որպես կանոն շատ արագ եմ գրում: Գուցե հղկելու վրա կգնա ինչ-որ ժամանակ՝ բառերը մեղեդուն ենթարկեցնելու, լինում են երբեմն այդպիսի կամակոր հատվածներ, ֆրազներ, բայց որպես կանոն երգերն ինձ չեն տանջում: Այլ հարց է, որ արդեն ձայնագրելիս պետք է ավելի խնամքով պատրաստվել, այդտեղ արդեն մեկ երգի ձայնագրությունը կարող է մինչև մեկ ամիս ձգվել:
7. Ստեղծագործելիս ինչի՞ց եք ներշնչվում
- Չեմ մտածում այդ մասին: Գալիս է՝ գրում եմ: Լինում են երգեր, որ պատահաբար չեն գալիս, ծնվում են մի թեմայի շուրջ երկար մտածելուց: Երևի ամեն ինչ մի կետում մի պահի սինթեզվում, խառնվում է իրար ու ծնվում երգի տեսքով: Գործարանում ինչպե՞ս է՝ բաղադրիչները մի փուլում միանում են իրար, ու ստացվում է բոլորովին նոր մի բան: Ամեն բաղադրիչ այդ դեպքում երևի կարևոր է՝ տրամադրությունը, նախորդ օրերի իրադարձությունները, հետաքրքիր որևէ հանդիպում, փողոցում նկատած որևէ տեսարան, որևէ անսպասելի միտք: Նրանք միանում են, խմորվում ու դառնում երգ: Մի ուրիշի մոտ դառնում են, ասենք, հետաքրքիր նկար, գուցե՝ համեղ խմորեղեն: Ինձ մոտ հիմա երգ են դառնում:
8. Ինչ զգացողություն եք ունենում, երբ երկար աշխատանքներից հետո լսում եք Ձեր երգի՝ արդեն վերջնական տարբերակը:
- Շատ անհանգիստ եմ լինում: Միշտ առաջին պահին չեմ հավանում: Ամենամեծ խնդիրն այն է, որ որպես կանոն, երբ մի երգը գտնվում է ձայնագրման պրոցեսում, այդ ընթացքում ես արդեն գրում եմ հաջորդը: Ու հաջորդն ինձ անպայման ավելի սիրուն, հետաքրքիր ու ձայնագրման արժանի է թվում: Ու խեղճ ձայնագրվող երգը՝ իր համար անհասկանալի պատճառներով, հայտնվում է երկրորդ պլանում: Սիրահարվելու պես մի բան է, մի խոսքով:
9. Կա՞ մի երգիչ ում ստեղծագործությունները ոգևորում են Ձեզ, ում որպես երաժիշտ կցանկանայիք նմանվել:
- Նմանվել՝ դժվար, բայց կան երգիչներ, որոնց լսելուց հետո իմ ամբողջ օրը փոխվում է, ենթարկվում է նրանց ստեղծած տրամադրությանը, նրանց ձայնին: Շատ եմ սիրում դասական երաժշտություն – չեմ ասում այդպես պարզապես ասելու համար, կան հատկապես օպերաներից հատվածներ, որոնք ամենօրյա դեղի պես ուղղակի ստանում եմ, որ ինքնազգացողությունս լավանա: Այ, կուզեի երբևէ գրել օպերա: Բայց դրա համար պետք է վաղուց սկսած լինեի անցնել երկար մի ճանապարհ: Դա երգ գրելուց բոլորովին տարբեր մի պրոցես է, հազար բան պետք է սովորես, որպեսզի քեզ թույլ տաս անգամ մտածել դրա մասին: Չնայած ի՞նչ իմանաս, ոչինչ երբեք չեմ ուզում բացառել: Որ բացառեմ՝ ցանկությունն էլ կկորի, չէ՞:
10. Ինչ պլաններ ունեք ապագայում, ինչ նոր երգեր ունեք, որ դեռ ներկայացված չեն:
- Չձայնագրված երգերը շատ են, ծրագրերն էլի շատ են, պետք է փորձեմ հասցնել գոնե այն, ինչ հնարավոր է: Չգիտեմ՝ ինչքան մասը կստացվի անել, բայց կուզեի մտածել, որ դեռ ճանապարհի ամենասկզբում եմ:
No comments:
Post a Comment