1.27.2015

Սանձված ձի քշելը հեշտ է...

2015 թիվն էր, մտանք տնօրենի սենյակ, ափսոս` գրավել չկարողացանք: Թերևս հայտնի տողերը մեջբերելով`սկսեմ այսօրվա արկածային ժամերիս մասին պատմող նյութը: Ուղիղ յոթանասուն տարի անց սովետական բանակին փոխարինելու էին եկել անզեն սեբաստացիները, իսկ բաղձալի Բեռլինը` հանրակրթական դպրոցի տնօրենի անառիկ ամրոցն էր: Վեց սեբաստացիներով, այսօր առավոտյան ճանապարհվեցինք Շենգավիթ վարչական շրջան: Նպատակը տեղի հանրակրթական դպրոցներում կրթահամալիրում անցկացվող հունվարյան` «Դիջիթեք», «Մարմնամարզական» և «Բնագիտատեխնիկական» ստուգատեսները ներկայացնել էր: Հերթով այցելեցինք չորս դպրոցներ, և մեկնարկեց ծանր բանակցական աշխատանքը: Թիվ 68 դպրոցը մտնելուն պես, սկսեցինք անցել մի քանի փուլով: Մաքրուհու, պահակի, դասավանդողի կառույցները անցնելուն պես` հասանք ուսամասվարին, ով «հլը մի րոպե» դեմքով կանգնեցրեց մեզ, երբ ուզում էինք մտնել տնօրենի բերդը: Այնուամենայնիվ հաջողվեց շահել դեպի դասարան ուղղությամբ green card. ստացանք սովորողների հետ շփվելու բացառիկ հնարավորություն: Կրկնվելու միտում ունեցող պատմությունը, նորից նույն էր թիվ 18 դպրոցում, նույն տրամաբանական շղթան` մաքրուհի, պահակ, ուսուցիչ, ուսմասվար և տնօրեն, սակայն այս անգամ արդյունքը գոհացնող չէր. մեզ այդպես էլ չընդունեցին` պատճառաբանելով, որ մոռացել ենք քաղաքապետարանից թույլտվություն ստանալ (չնայած՝ նախապես պայմանավորվել էինք): Մի քիչ նեղված ու բարկացած, բայց շարունակեցինք դեպի թիվ 34 դպրոց: Կարծես հաջողությունը մոտ էր, երբ փոխտնօրենը ասաց մոտավորապես այսպես` ինչ անում-չենք անում` երկու րոպեում ենք անում: Էհ, ճարներս ինչ` հասցրինք: Հաջորդ դպրոցը առանձնապես ինտրիգային չէր, կամ էլ արդեն օտար մշակույթի հանդեպ դիմադրողականություն էինք ստացել: Ընդհանուր շենգավիթյան փողոցներում անցկացրինք երկու ժամ, ծանոթացանք չորս դպրոցի մտածողությանը: Երկու ժամ, և երկրորդ դպրոցից, ես` մարտական ոգուց զուրկ դասալիքս, զորքը լքեցի հաջորդ երկու ճակատագրական մարտերին: Երկու ժամ, և բավարար դեպքեր ու դեմքեր հասկանալու համար, թե որն է մեր բոլոր խնդիրների աղբյուրը, թե ինչու երկիրը երկիր չի: Երբ դպրոցի տնօրենը ամեն մեկի խելքի բանը չի, երբ սովորողը վախով է անցնում վերևում ՏՆՕՐԵՆ գրված միջնադարյան անկուռ բերդի մոտով, երբ դասվանդողը ավել բան չի անում, քան սովորողին սաստելը: Երբ սովորողը իմիջայլոց է վերաբերվում իր իսկ զարգացմանն ուղղված հայտարարությանը, որովհետև ասվածը անգիր չի` ուրեմն հարկավոր չի, երբ դպրոցի պատին փակցված չորրորդ դասարանցի գերազանցիկների նկարների տակ գրված է` փառքի հասնելիս մի մեծամտացիր գրությունը, այդ վայրը ազատ և բանիմաց քաղաքացի տալ չի կարող: Այսօր հանրակրթական դպրոց ասվածի միակ առաջադրանքը, վախկոտ ու ձայնազուրկ քաղաքացի ձևավորելն է: Պատանին, ով այսօր վախենում է իր դպրոցի տնօրենից, վաղը կվախենա իր խախտված իրավունքներին տեր կանգնելիս: Եվ կկատրվի վերևների փափագը. սանձված ձի քշելը հեշտ է: Եվ համեմատելիս եմ հասկանում, գնահատում եմ, այն ամենը, ինչ չգիտեմ ինչու` տրված է ինձ, և սարսափում եմ մտածելիս, որ կարող էի շարունակել ուսումս նմանատիպ` գունավոր պատերով և անգույն դեմքերով մարդկանց դպրոցում: Եվ ինձ կասեին ըմբոստ աղջիկ, և ճիշտ էլ կասեին, որովհետև սովորաբար չի կարելի իրողությունները բարձրաձայնում են ըմբոստները:
Հ.Գ. Սարկազմ չփնտրե'ք

Մերի Թելունց

No comments:

Post a Comment