2.24.2015

Թումանյանից ոգեշնչվելով

Հայրենիքը մի ամբար է, որն իր տարածքում ապրողին սովորաբար տալիս է երեք տեսակի բարիք` բնակավայր, ապրելու միջոցներ, հարազատներ: Հայրենասիրությունը, ինչպես սերերի մնացած տեսակները հիմնված է անձի ինքնաբավարարման վրա. ավելի շատ սիրում են այն հայրենիքը, որ ավելի շատ է տալիս, և հայրենիքը հենց մեզ այդքան անհրաժեշտ շնորհներն են: Հայրենիքը խոտ ու քարը, առավել ևս Հայաստանին վաղուց չպատկանող Արարատը չէ, հայրենիքը այն մտածողությունն է, որով մենք դաստիարակավում ենք, որը մերն է, մեզ հարազատ է, որտեղ մեր հիշողություններն, ընտանիքն, հարազատներն ու ընկերներն են, որտեղ մեզ սիրում են ու որտեղ սիրում ենք մենք: Հայրենիքը միշտ տալիս է, պարզապես երեք բարիքներից մեկի պատասխանատուն` ժամանակի քաղաքական իշխանությունը, երբեմն թերանում է իր գործում: Քաղաքացու չբավարարված կենսական պահանջմունքները հայրենիքը դարձնում է վատը, բնակվելու համար անպիտան, և մարդը ստիպված լքում է հայրենիքը` այն նույնացնելով վատ իշխանության հետ: Եվ օտար հողում լցված գրպանը շատ արագ դառնում է նոր հայրենիք, եթե ոչ գնացողի, ապա հաստատ իրեն հաջորդող սերունդների համար: Լի գրպան ունենալու, և օտար հասարակությունում ընկալվելու ցանկությունը ստիպում է մոռնալ լեզուն, արագ որդեգրել նոր սովորույթները, ադապտացվել նոր միջավայրին, մոռանալ ազգայինը: Եվ ժամանակի ընթացքում վերանում է հայի տեսակը. արդեն ազգային մտածողությունը մոռացած կիսաեվրոպացին, տարին մեկ-երկու անգամ Հայաստան գալով սկսում է սիրել հայրենիքը, մեծ-մեծ մտքեր արտահայտել Հայաստանի և հայերնասիրության մասին: Ինչո՞ւ: Որովհետև զբոսաշրջիկի կարգավիճակով չի առնչվում այն խնդիրներին, որ ամեն օր փորձում է լուծել Հայաստանում ապրող հայը: Նա արդեն ստանում է հայրենիքից միայն դրականը, որովհետև մնացած երկու բարիքների կարիքը այլևս չի զգում. այդժամ հայրենիքը սկսում են սիրել, այն այլևս վատը չէ: Հայրենիքը երբեք վատը լինել չի կարող: Վատն է ժողովուրդը, ով չի կարողանում ձևավորել այնպիսի իշխանություն, որն իր քաղաքացուն չի ստիպի նոր հայրենիքիներ փնտրել: Դրսում ապրող մարդու համար Հայաստանը հայրենիք լինել չի կարող. հայրենիքը նրանն է, որ կիսատ ստանալով ազգային նվերները, շարունակում է ապրել և պայքարել դրա զարգացման համար. մեր հայրենիքը շատ խնամքի կարիք ունի: Այն պահել ամեն մեկը չի կարող, բայց այն իր խնդիրներով սիրել ` պետք է փորձեն բոլորը...
Մերի Թելունց

No comments:

Post a Comment