5.04.2015

Ծիրանի ծառ


Կարդալով Դերենիկ Դեմիրճյանի «Հայը»
Կովկասում`սարերի ու լեռների արանքում, կապուտաչյա Սևանով ոռոգվող ու հայաստանյան արևով սնվող մի հնագույն ծիրանի ծառ է ապրում, որի պտուղները երկրային բարիքների մեջ ամենաքաղցրն ու անուշն են:Ասում են` հայաստանյան արևն է ծիրանենու պտուղների ոսկի գույնի պատճառը: Շատ հետաքրքիր է ծիրանի «էվոլուցիան»: Գարնանը, երբ բնությունը նոր-նոր ազատվում է ձյան սավանից, և երբ ծառին այլևս խանգարող բան չի լինում, ձնծաղիկների պես ծնվում են ծիրանենու բողբոջները, կամաց-կամաց փորձում պտուղ դառնալ: Գարնան կեսերին, երբ եղանակը մի քիչ անձրևային է դառնում, ծիրանները կանաչում են, որ նմանվեն իրենց տերևներին, ու չհալածվեն ցուրտ անձրևի կողմից:Ամառը` ծիրանենու` արևով ողողված ճյուղերը աճում են, ու ծնվում են ոսկի պտուղները:Ծիրանենին դիմացկուն ծառ է, աճում է ինքնուրույն, բերքատու է առանց պարարտանյութերի, բայց արև է սիրում, ու հերիք է` փակես նրա արևը, և նրա պտուղները կկորցնեն նախկին համն ու տեսքը: Նրան միշտ մի մեծ արև է պետք, որովհետև առանց դրա, ծիրան աճել չի կարող: Ծիրանենու բերքահավաքը շատ արագ ու հեշտ է լինում, կարծես ծիրանենին սիրում է, երբ մարդիկ վայելում են իր պտուղները:Կարկուտի ժամանակ ծիրանենու բերքը «տգեղանում» է, բայց դրանից ծիրանի ծիրանագույն երանգը չի խամրում. սովորաբար կարկտահարված ծիրանը ավելի քաղցր է լինում: Ծիրանը խորհրդանշական ծառ է. նա սիրով վերցնում է իր վրա գերդաստանին պատկերելու պարտականությունը: Եվ ծիրանի` կատարելության հասնող որակները ստիպել են օտարներին կոտրել նրա վաղահաս ճյուղերը: Ծիրանը ընկել է, բայց չի վերացել, որովհետև ուժը, որ տվել է նրան հայկական ծագումը, առավել զորեղ է եղել, քան բոլոր ժամանակների վանդալները:
Այսպիսին է միայն Հայաստանի ծիրանենու ծիրանը ու այպիսինն է նաև ծիրան սիրող հայը: Հայը էն տեսակն է, որ երբեք չի վերանում: Հայը օգնող ու կարեկից է, խելացի, բայց միամիտ, խելքը խելացի օգտագործել չգիտի: Հրաշալի գործում է, բայց որոշումներ ընդունելիս միշտ խորհրդի կարիք է զգում: Դժվար է որոշումներ կայացնում, բայց և հաստատակամ է, համառ: Քաջ է, բայց կենցաղի համար կռիվ տվողներից չի, պայքարում է միայն վեհ արժեքների համար, դրա համար կենցաղում միշտ մի բան կիսատ է: Երբեք համաձայնության չի գալիս, բայց հանդուրժող է: Բարդույթավորված է, ջանում է ինչ-որ մեկին նմանվել: Հայի պաշտանմունքը ընտանիքն է, սեփական «ես»-ը, պատիվը, Աստված: Յուրաքանչյուր հայ տարբեր է, և ամեն ոք իր տեսակի մեջ տաղանդավոր, հայը անհատ է, դրա համար էլ մնացածի հետ միավորվել չգիտի: Ուզում է իշխել, բայց սովորաբար հայտնվում է իշխվողի դերում: Իր տեղը կյանքում դժվար է գտնում, բայց երբ գտնում է, սկսում է ապրել արժանապատիվ. եթե արժանապատիվ չի ապրում, ուրեմն դեռ չի գտել: Հայը յուրահատուկ է: Ուրիշ ոչ մի տեղ իրարից այդքան տարբեր ու իրար այդքան նման մարդ չկա, քան հայը ու հայը: Սա հայն է, ու լավ տեսակ է, հենց այնպես չէ, որ ծիրանը հայկական է, ուրեմն հային իր մեջ կրում է:

Մերի Թելունց

No comments:

Post a Comment