9.17.2014

Քաղաքական կրկես, որ ճակատագրական է


Հայաստանի Հանրապետության` կուսակցությունների մասին օրենքը սահմանում է. Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անհատական անդամակցության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է: Մեր պետությունը կուսակցական բազմազանության տեսանկյունից շատ հարուստ է, կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք Հայաստանի Հանրապետության 2.7 մլն բնակչության սոցիալական կյանքը առավել բարելավելու համար ներկայացնում են ծրագրեր և ընտրություններում պայքարում են իշխանություն ձևավորվելու համար: Արդյունքում ձևավորվում է երկու քաղաքական խմբավարում` իշխանություն և ընդդիմություն: Ներկայումս ՀՀ օրենսդիր մարմնում ներկայացված է վեց քաղաքական կուսակցություն: Եթե իշխանական պարագլուխներին գումարենք նաև հայաստանյան մանր ու միջին  կուսակցությունները, ապա մեզանում գոնե թղթի վրա գործում է շուրջ հիսուն կուսակցություն: Քաղաքական ուժերի այսչափ առատությունը, ի վերջո, հանգեցնում է նրան, որ դրանցից որոշները հարում են իշխանությանը` վերածվելով իշխանական կուսակցության քաղաքական կցորդի, որոշները` տեղավորվում են ընդդիմադիր դաշտում, իսկ մնացածը այդպես էլ շարունակում են «գործել» թղթի վրա: Ընդդիմադիրները բողոքողներն են, իշխանամետեները` արդարացողները, և այս երկու կողմերի հավերժական պայքարը առավել թեժանում է, երբ մոտենում են ընտրությունները: Հինգ տարին մեկ վերսկսվող գործողությունը ուղեկցվում է հին, բայց նորացված նախընտրական լոզունգներով: Տարվա այդ շրջանում հետաքրքիր բացահայտումներ են տեղի ունենում: Երկրի տնտեսական պոտենցիալը հանկարծակի «աճում» է, ու պարզվում է, որ մենք զարգացման մեծ հեռանկար ունեցող պետություն ենք: Այդ օրերին նոր Հայաստանի երազանքներ են ստեղծվում, գծվում է նոր պետության տեսլական` որտեղ չկա գործազրկություն, արտագաղթ, աղքատներ, դժբախտներ, որտեղ տիրում է լիակատար ազատություն, քաղաքացիական հավասարություն, մի խոսքով` դրախտ, ու եթե դրան էլ գումարենք նախընտրական շրջանում իշխանամետների կողմից կատարվող մասսայական ասֆալտապատումներն ու շենքերի բակերում նոր նարդու տաղավարների տեղադրման աշխատանքները. Վերջ: Թոշակառուների զանգվածը արդեն պոտենցիալ ընտրողներ են: Ու այդպես կարկատան ասֆալտի կարոտ հայ ազգը հինգ տարին մեկ անգամ գնում ու նորից ընտրում է իշխող կուսակցությանը, որ նորից հինգ տարի բողոքի, որ նորից արտագաղթի, ու հինգ տարի հետո էլի ասֆալտով հիացած` ընտրի նույն կուսակցությանը: Հետընտրական շրջանում բոլոր նախագծերն ու պետական զարգացման ծրագրերը, մեղմ ասած, մոռացվում են, երբ կուսակցությունը ընտրվում է, կամ հակառակը` չի ընտրվում: Երկրորդը պարզ է, չի ընտրվում, ուրմեն հնարավորություն չի ունենում գործելու, ի՞սկ ընտրվածը: Ընտրված կուսակցությունը մի քանի տարի ապահովագրված է, նոր երազանքների պլանավորման կարիք չկա, բայց երբ մոտենում է կառավարման ժամանակահատվածը. նույն մարդիկ, նույն նախընտրական խոստումներով կրկին դառնում են թեկնածու, և կրկին ընտրվում ու ընտրվում են: Եվ այս պարադոքսը կրկնվում է այնքան ժամանակ, մինչև բարձրաստիճան չինովնիկների զավակների տարիքային շեմը հատում է օրենքով սահմանված չափը, և «արժանավոր» հայրերին փոխարինելու են գալիս է'լ ավելի «արժանավոր» որդիներն ու փեսաները: Երբեմն դրական բացառություններ լինում են: Երբ իշխանամետեների շարքերում հայտնվում է մեկը, ով իր իրավասություններից լիուլի օգտվելուց հետո մտածում է նաև պարտականնությունները կատարելու մասին, դառնում է «ազգի հերոս»: Բոլորը գովաբանում են նրան, սկսած շարքային քաղաքացիների միջև ներքին խոսակցություններից, մինչև կուսակցական մակարդակով ճոխ հրապարակախոսություններ: Այո', անսովոր է, նորմալը`անսովոր է, այն ինչ նորմալ է, այսօր մեզ համար հերոսություն է: Ազգ, պետություն, հայրենասիրություն հասկացողությունները խեղաթյուրված են, յուրաքանչյուր մտածում է իր գրպանի լիության մասին, մոռանալով, որ իր ձեռքում մի ողջ պետության ապագան է: Խնդիրը իշխանամետ ու ընդդիմադիր լինելու մեջ չէ, 50-ից ավելի կուսակցություն ունենք, 50-ից ավելի կուսակցության ղեկավար, բայց ոչ մի առաջնորդ չունենք: Յուրաքանչյուրը գտել է օրենքով սահմանված նվազագույն 200 հետևորդը, ինքնիշխան ղեկավար դարձել ու ստեղծել մանր ու անարժեք միավորներ, որոնց այսօր կուսակցություն ենք անվանում: Տեսականորեն քաղաքական բոլոր երանգները պետք է հետապնդեն միևնույն նպատակը` երկրի բազմակողմանի զարգացումը, սակայն այսօր խնդիրը ընտրական քվեների միջոցով հասարակական իշխանության հասնելն է: Ցավոք, մերօրյա հայաստանցու մեջ արմատավորված է մի բարդույթ, որի ազդեցությունն է մեր երկրում տիրող իրավիճակի պատճառը: Մեր մտածելակերպի մեջ դաջված է անկարողության, սեփական խոսքի անարժեքության զգացումը: Մեզանում բոլորը դժգոհ են, բոլորը նեղ շրջապատմում բողոքում են, բայց հասարակության չնչին մասն է պայքարում, գնում ու պայքարում իր ոտնահարված իրավունքի համար, մնացածը կարծում են, որ խոսքն ու պայքարը ապարդյուն է, և ոչինչ, միևնույն է, չի փոխվի: Պահանջատիրությունն է պակասում մեզանում, պահանջատիրությունը ժողովրդի`ամեն քվեի տիրոջ կողմից: Ժողովուրդն է ընտրում իրեն առաջնորդողին, ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ առաջնորդն է, կրթված ու բարձր ինքնագիտակցություն ունեցող երկրի առաջնորդը վատը լինել չի կարող: Խոսքը ամենին կարմիր կամ կապույտ դիպլոմի մասին չէ. յուրաքանչյուր քաղաքացի, սկսած շարքային բանվորից մինչև երկրի նախագահ, պետք է կրթված ու զարգացած լինի այնքան, որ հստակ պահպանի իր իրավունքներն ու պարտականությունները: Քաղաքացին պետք է կիրթ լինի, որ կարողանա ճիշտ ընտրել մեկին, ով առավելագույնս կկազմակերպիմի ողջ բնակչության կյանքի սոցիալական կողմը: Սա խնդիր է, որ լրջորեն արգելակում է մեր երկրի առաջընթացը և մենք որպես հասարակություն, պարտավոր ենք օր առաջ լուծել այն` ի շահ ներկա և ապագա սերունդների: 

Հայաստանի սահմանադրությունը հռչակում է «Իշխանությունը պատկանում է ժողովրդին», սահմանում է քաղաքացիական ազատություններ` խոսքի, տեղաշարժի, ընտրելու, ընտրվելու... Ուստի անհրաժեշտ է հետևողականորեն իրացնել սահմանադրությամբ քաղաքացուն ամրագրված իրավունքները և ձևավորել հասարակության շահը սպասարկող ընտվրած իշխանություն, այլապես մեր ներկան ու ապագան կորոշվի քաղաքական նմանատիպ կրկեսներում...
Մերի Թելունց

No comments:

Post a Comment