Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սեպտեմբերի 21-ը նշանավորվեց բարձրունքների հաղթահարմամբ: Կրթահամալիրի գրեթե բոլոր դպրոցներից, մեծ ու փոքր սեբաստացիներ ուղևորվեցին Հայաստանի տարբեր մարզեր, տարբեր բարձրունքներ հաղթահարելու, Հայաստանը նորովի բացահայտելու, նրա չքնաղ բնաշխարհով հիանալու և Հայաստանի երրորդ հանրապետության անկախացումը` տոնելու համար: Գաղափարը ոգևորող էր, և մենք` երրորդ հանրապետության նոր սերունդը, որոշեցինք հաղթահարել քարերի երկիր Հայաստանի, ամենաքարքարոտ ու բարձր գաղագաթը` Արագածը: Որոշեցինք և արեցինք. Սովորության
համաձայն առավոտյան 8-ին հավաքվելով Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, ուղևորվեցինք
Արագածոտն, որտեղ իր փառահեղ տեսքով մեզ էր սպասում, դժվար հաղթահարելի` Արագածը: Չքնաղ
վայր, չքնաղ պահեր, հրաշալի բնաշխարհ, ցուրտ, քամի, մեկ-մեկ ցավոտ սայթաքումներ և անբացատրելի
գեղեցիկ ամպեր, եռագույն դրող, հրաշալի մարդիկ, ընկերական ջերմ ու անկաշկանդ միջավայր
ու անսահման ադրենալին, որ ստացա ճամփորդության ողջ ընթացքում: Բառերով դժվար է նկարագրել
այն երջանկությունը, որ զգում ես, երբ մի քանի ժամ տանջվելուց հետո` նվաճում ես մոտ
4000մ բարձրություն ունեցող գագաթը: Երբ մկրտվում ես` լեռնային կանոններով, և երբ ջերմաստիճանը
մոտ 24° ցածր է, բայց ցուրտն ու հոգնածությունը չեն խանգարում զգալ այդ երանելի պահերը,
և այդ րոպեին հպարտ ես, որ հայ ես, որ Արագած ունես: Այդ պատկերը պետք է տեսնի յուրաքանչյուր
հայ, ու ես ունեցա այդ հնարավորությունը, հասկացա սեպտեմբերի 21-ի խորհուրդը:
No comments:
Post a Comment