9.23.2014

Բարոյականություն. արժեհամակարգերից մինչև իրողություն


Բարոյականությունը մարդու ներքին առաքինությունն է, այն օրենքների համագումար է, որ ինքն իր համար հորինում է յուրաքանչյուր մարդ. բարոյական է այն մարդը, ով խստագույնս հետևելում է իր իսկ ստեղծած սահմանադրությանը: Բարոյականությունը ամենևին էլ բոլորիս հայտնի հասարակական նորմերը չեն: Մարդիկ տարբեր են, տարբեր է նաև բարոյականության մասին նրանց ընկալումները, և եթե տուրք տանք յուրաքանչյուրի կարծիքին, ապա դժվար աշխարհում մի բարոյական մարդ գտնենք: Մեկի համար բարոյականությունը ամաչկոտությունն է, մյուսի համար համեստ հագուստը, մեկ ուրիշը` մի այլ բան է կարևորում: Ինձ համար բարոյականությունը ո'չ հագուստի, ո'չ էլ` ոչ հասարակական սահմանփակումներից դուրս եկող վարքը չէ: Բարոյականությունը առաջին հերթին բարձր արժեհամակարգն է, թե ինչ է մարդ կարևորում, և թե ինչերի է պատրաստ հանուն իր արժեքների: Եթե մարդը ունի խիղճ, լսում է իր խղճին, և դրա թելադրանքով հրաժարվում է իր ֆիզիկական ցանկություններից` ինձ համար բարոյական է: Բարոյականությունը ուժ է, որ ետ է պահում մարդուն անբարո քայլերից` նյութական ցանկությունների բավարարման հետևանքներից: Երբ այդ ուժը գործում է, ուրեմն մարդու բարոյականությունը իր տեղում է, ու արդեն էական չէ, թե ինչ է անում ու ինչ են նրանից բամբասում: Երբեմն մարդիկ գնում են հասարակության մեջ սահմանված անբարոյական քայլերի` իրենց արժեքները պահպանելու համար: Ես չեմ մեղադրում այն մարդուն, ով իր սիրելիին օգնելու համար, կոտրում է բոլոր հասարակական կարծրատիպերը, խախտում բոլոր օրենքները, միարժամանակ հիանում եմ այն մեկով` ով ունենալով գործելու հնարավորություն, հրաժարվում է իր իղձերի իրականացումից, որովհետև կարևորում է իր խղճի ձայնը: Անբարո է նա, ով ստում է, թալանում, կեղծում, քծնում, բամբասում, նախանձում թեկուզ դա անում է հասարակական օրենքների շրջանակներում, վայելելով բարոյական մարդու պատվաբեր կոչումը: Նա իրական անբարոյական է, նա կեղտոտ է հոգով, հոգու անբարոյականությունը առավել ուժեղ է քան մարմնական անբարոյականությունը: Անբարոյականությունը խղճի բացակայությունն է, երբ մարդը չունի կարեկցելու և դիմացինի դրության մեջ մտնելու ունակություն, ում համար նորմերը առավել կարևոր են, քան մարդկային ճակատագրերը: Նրանք, ովքեր ամենաշատն են խոսում բարոյականության ու առաքինության մասին, ամենաշատն են հեռու բարոյական լինելուց: Հիմնականում չափից դուրս «բարոյական» են` հոգով անբարոյականները...
Մերի Թելունց

No comments:

Post a Comment