Ներածություն
19-րդ դարի սկզբին Արևելյան և Արևմտյան Հայաստանները
շարունակում էին մնալ Շահական Պարսկաստանի և Սուլթանական Թուրքիայի տիրապետության տակ,
որոնք թե' տնտեսապես, թե' զարգացվածության մակարդակով հետամնաց`ավատատիրական երկրներ
էին: Հպատակ լինելով Պարսկաստանին և Թուրքիային` հայերը իրավազուրկ էին, ունեին կյանքի
և գույքի անվտանգության խնդիր, ենթարկվում էին ազգային և կրոնական հալածանքների, կրում
էին ֆիզիկական, հոգեբանական, նյութական վնասներ: Հայերը զրկված էին ամենատարրական իրավունքներից,
սակայն ունեին պարտավորություններ` պարտադիր հարկերի վճարման տեսքով: Հայաստանի կացությունը
փոխվեց ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո, երբ Թուրքմենչայի պայմանագրի համաձայն
Խանական Պարսկաստանը Արևելյան Հայաստանը զիջեց Ռուսաստանին: Ռուսաստանի կազմում հայտնվելը
բազմաթիվ փոփոխություններ առաջացրեց Հայաստանում: Ստուրև կխոսենք վերոնշյալ ժամանակահատվածում
հայերի սոցիալտնտեսական իրավիճակի, Արևելյան և Արևմտյան Հայաստաններում հայերի համար
գործող հարկային քաղաքականության, Ռուսաստանին Արևելյան Հայաստանի միանալու հետևանքների մասին:
Արևելյան Հայաստան: Հարկային սիստեմը
Հողային հարաբերություններ: 19-րդ դարի առաջին տասնամյակում Շահական
Պարսկաստանում, հետևաբար նաև նրան հպատակ Արևելյան Հայաստանում երկրի տնտեսությունը
առաջ էր գնում Շարիաթի ակզբունքի համաձայն. տնտեսության առանցքային բաղադրիչներն էին
գյուղատնտեսությունն (մասամբ նաև արհեստագործությունը),
իսկ հողը մեծամասամբ պետական կամ շահի սեփականությունն էր (Հողի սեփականության ձևերից ամենատարածվածի` պետական հողերին պատկանող գյուղերից
ստացվող ռենտան` հողի հարկը, ուղղվում էր խանի գանձարան, որը ծառայում էր խանական արքունիքի
և ռազմական ծախսերը հոգալու համար): Չնայած նրան, որ երկրում գերակշռում էր հողի
սեփականության պետական ձևը, այնուամենայնիվ գոյություն ունեին հողի սեփականության այլ
ձևեր` մուլքադրական և թիուլդարական: Եթե հողի պետական սեփականության
ժամանակ հարկահավաքությամբ զբաղվում էր պետությունը, ապա մուլքադրական սեփականության
ժամանակ` մուլքադարները, ովքեր իրավունք ունեին իրենց պատկանող հողատարածքում գտնվող
հայաբնակ գյուղերից գանձել «մուլք» կոչվող
հարկը, որը կազմում էր բերքի 1/10-րդ մասը: Մուլքադարները անձամբ չէին իրականացնում
հարկահավաքությունը, այլ պետական հարկահավաքից վերցնում էին իրենց մասնաբաժինը: Մուլքադար
լինելու համար պետք էր ունենալ հողի գնումը, նվիրատվությունը կամ ժառանգությունը հաստատող
փաստաթուղթ: Հողատիրության երրորդ ձևը թիուլդությունն էր, որը տրվում էր առանձին անհատների`
որպես պարգևատրում պետությանն մատուցած իրենց ծառայությունների դիմաց: Այն ենթադրում
էր պարգևատրված հողի ժամանակավոր կամ ցմահ օգտագործում:
Հարկային քաղաքականություն: Ապրելով Պարսկաստանի հպատակության տակ` հայերը
ստիպված էին վճարել բազմաթիվ հարկեր, որոնք էլ ավելի էին դժվարացնում հայ գյուղացու
կյանքը: Արևելյան Հայաստանում կիրառվող հարկատեսակները դասվում էին երկու մեծ խմբի`
դրամական և բնամթերային: Դրամական հարկերը ամրագրված չափ ունեին, դրանք գանձվում էին
աշնանը` բերքահավաքից հետո, կամ փետրվարին, երբ ավարտվում էր բամբակի զտումը: Հարկահավաքությունը
իրականացվում էր խանական ֆարաշների կողմից, որոնք պարտադրում էին գյուղացիներին ճիշտ
ժամանակին կատարել իրենց վճարումները, հակառակ պարագայում սպառնում էր տուգանք: Բնամթերային
հարկերը կազմում էին տվյալ տարածքից ստացված բերիքի 1/10-րդ մասը: Բնամթերքից ստացված
հարկը կարող էր լինել և' մուլք (հարկված գումարի մուլքադարին տրվող 1/10-րդ մասը),
և' բահրա (ռենտայի այն մասը, որը գնում է պետության գանձարան): Հարկային սիստեմը
կարգավորելու համար գյուղերը ըստ իրենց տարածքի, ըստ ֆինանսական հնարավորությունների
բաժանված էին երեք խմբի` բահրաքյարական, յարիքյարական
և ռանչպարական: Գյուղերն էլ իրենց
հերթին բաժանվում էին բինաչանների` տնտեսական
միավորների, որոնք բաղկացած էին մի քանի ֆինանսապես բարձր դիրքում գտնվող ընտանիքներից:
Երկրում բինաչաների բաշխվածությունը խիստ անհավասարաչափ էր. գյուղեր կային, որոնք ունեին
մեկ բինաչա, մինչդեռ մեկ այլ գյուղում բինաչաների թիվը հասնում էր մի քանի տասնյակի:
Երևանի խանություններում բոլոր բինաչաների թիվը 1093 էր, որոնցից տարեկան գանձվում
էր ավելի քան 7836 թուման դրամական հարկ: Առանձնակի բարձր էր խաղողի այգիների համար
վճարվող հարկի դրույքաչափը: Մահմեդականները իբր գինի չպատրաստելու համար ազատված էին
այդ հարկատեսակից, մինչդեռ հայկական գյուղերը խաղողի այգիների համար վճարում էին 680
թուման հարկ, իսկ գինու և օղու վաճառքով զբաղվելու համար` 110 թուման: Երևանյան շուկաներում
ծխախոտի վաճառքից գանձվում էր 72 թուման, իսկ Սևանա լճում ձկնորսությունից` 100 թուման:
Բացի գյուղատնտեսական գործունեության արդյունքով վճարված հարկերից, Պարսկաստասում ապրող
հայերը վճարում էին նաև այլ ծառայությունների դիմաց: Երևան խանություններից գանձվում
էր 145 թուման, որպես միրաբների (շրջբաժանների)
վարձ, որոշակի գումար վճարում էին հարկահավաքի ծառայության դիմաց (այդ հարկատեսակը կոչվում էր ղուլլուղ-փումի): Քաղաքային անվտանգությունը ապահովելու համար հայերը վճարում էին 72
թուման, սակայն այդ գումարը ուղղվում էր Սարդարի գրպանը, վերջինս այդ գործը հանձնարարում
էր իր մարդկանց: Շահին հարկատու էին նաև հնձվորները, որոնց տարեկան հարկը կազմում էր
34 շահի, մոտավորապես 400 թուման, որը նույնպես հարստացնում էր սարդարի անձնական գանձարանը:
Հայերը վճարում էին նաև իրենց արտադրանքը արտահանելու համար. գոյություն ուներ սահմանված
որոշակի գումար յուրաքաչնուր ապրանքատեսակի համար: Ուղղակի հարկերից բացի գործում էին
նաև անուղղակի հարկեր` մաքսատուրքեր, դրամահատություններ, որոնք շահի գանձարանի համար
պակաս եկամտաբեր չէին: Այսպիսով` ուղղակի և անուղղակի դրամական հարկերից ամբողջ Հայաստանում
հարկվող գումարը կազմում էր 30709,2 թուման, սակայն դրամական հարկերից բացի կային նաև
բնամթերային հարկեր, որոնց չափը կախված էր գյուղի միջին սոցիալական դիրքից (բահրաքյարական, յարիքյարական և ռանչպարական գյուղեր):
Բահրաքյարական գյուղերի բնակիչները վճարում էին երկրագործական բոլոր մթերքների 1/3-րդ
մասը, յարիքյարական գյուղերում` բերքի կեսը, իսկ ռանչպարական գյուղերում հարկվում էր
բերքի 2/3-րդ մաս` թողնելով գյուղացիներին այնքան, որքան հարկավոր է սովից չմահանալու
համար: Լավ հողեր և առատ ջուր ունեցող գյուղերի բնակիչները ստիպված էին կրել մեկ այլ
պարտականություն` փարաքար: Նրանց տալիս
էին սերմացու, իսկ բերքահավաքին վերցնում էին հինգ անգամ ավելի բերք: Այս ամենից բացի
գյուղացիներից վերցնում էին անասնակեր, յուրաքանչյուր հարյուր գլուխ այծի կամ ոչխարի
դիմաց վերցում էին մեկ ոչխար և մեկ գառ: Բնատուրք հավաքելու համար նշանակվում էին սարքյարներ, որոնք սովորաբար գյուղում հայտնվում
էին մայիսին, ցանքերի ժամանակ, սարքյարների ծառայության դիմաց նույնպես վճարում էին
բնակիչները: Հայ առևտրականները վճարում էին իրենց շահույթի 20%-ը: Գոյություն ունեին
հարկեր ոչ միայն տների, այլ նաև առանձին մարդկանց համար: Կար գլխահարկը, որը գանձվում
էր յուրաքանչյուր տասնհինգ տարեկանից մեծ հողագործներից, այն կազմում էր մոտ 1 թուման:
Գլխահարկից բացի կար ընտանիքի հարկ` ծխահարկը, որը կազմում էր 2 թուման: Հայերը վճարում
էին նաև տոների, հարսանիքների համար: Հայկական յուրաքանչյուր եկեղեցի վճարում էր միջինը
4 թուման, որը ազատ եկեղեցական արարողությունների կազմակերպման իրավունքի ձեռքբերման
համար վճարվող գումարն էր: Հարկային սիստեմը տարածվում էր նաև պարսկահպատակ այլ ժողովուրդների
և պարսիկների վրա, սակայն նրանք հարկվում էին կրկնակի պակաս, առանձին դեպքերում նույնիսկ
ազատված էին հարկերից: Շահական իշխանության կողմից հարկերի գանձումն ուղեկցվում էր
ճնշումներով և մասսայական բռնություններով: Երբ պատահում էր, որ բերքը քիչ էր լինում,
շահի կարգադրությամբ սկսվում էր հայերի գույքի բռնագրավումը, թալանում էին ամեն հնարավորը,
իսկ եթե գումարը այնուամենայնիվ չէր բավարարում վաճառում էին հայ կանանց ու երեխաներին:
Սոցիալական բազմաթիվ ճնշումները գոյության անընդունելի պայմաններ էին ստեղծում գյուղացիների
համար: Պարսկական հալածանքներին ենթարկվում էին ոչ միայն հայերը, այլև հայ եկեղեցին:
Խնդիրը կրոնափոխությունն էր, և նույնիսկ` Աբաս
Միրզայի հովհանավորության տակ գտնվող հայոց կաթողիկոսությունը և նրա կենտրոն Էջմիածինը
կրոնափոխության վտանգի տակ էին: Նույնիսկ 1810 թվականին, երբ շահական կառավարությունը
Էջմիածնին սիրաշահելու քաղաքականություն էր որդեգրել, դարձյալ շարունակվում էին սոցիալական
և ֆիզիկական հալածանքները: Տանջանքները տարաբնույթ էին, և դրանց բացատրություն այն
էր, որ հայկակական կաթողիկոսությունը չի ենթարկվում պարսկական խանությանը: Հալածանքների
նոր առիթ էր ռուս-պարսկական պատերազմը և դրա վերաբերյալ հայերի` ռուսամետ վերաբերմունքը:
Պատերազմի ժամանակ բնակիչներին աքսորում էին` զավթելով վերջիններիս ունեցվածքը: Շահական
Պարսկաստանում խիստ տարածված էր հայ երեխաների վաճառքը, երբ ծնողները հարկերը վճարելու
համար վճարունակ չէին լինում: Պարսկական հալածանքները տարածվում էին բնակչության բոլոր
խավերի վրա, թերևս փրկության միակ ելքը հայ ժողովուրդը տեսնում էր Ռուսաստանում: Արևելյան
Հայաստանը ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո` 1828 թվականին, համաձայն Թուրքմենչայի
պայմանագրի` անցավ Ռուսաստանի տիրապետության տակ:
Արևմտյան Հայաստան: Հարկային սիստեմը
Տնտեսական կացությունը: 19-րդ դարի սկզբին Թուրքիան ապրում էր քաղաքական և տնտեսական
ճգնաժամ: Ինչպես սուլթանական Թուրքիայի, այնպես էլ նրան հպատակ Արևմտյան Հայաստանի
տնտեսության առանցքային ճյուղը գյուղատնտեսությունն էր, որին ներգրավված էր արևմտահայերի
մոտ 80%-ը: Արևմտյան Հայաստանը համարվում էր այգեգործության երկիր. արտադրվում էին
այնպիսի պտուղներ, որոնք թարմ կամ չորացված վիճակում սպառվում էին ներքին և արտաքին
շուկաներում: Գյուղատնտեսության զարգացման համար Արևմտյան Հայաստանը հրաշալի նախապայներ
ուներ. այն վարելահողերով առատ երկիր էր, տեղի հայերը զբաղվում էին հացահատիկային կուլտուրաների
վերամշակմամբ: 19-րդ դարի առաջին կեսին թուրքական մի շարք փաշայություններում սկսվեց
բամբակի ցանքը: Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում արտադրական ճյուղերում ծայրահեղ
հետամնացության պատճառով ցածր էր գյուղատնտեսության և անասնապահության եկամտությունը:
Բեռնափոխադրող միջոցների բացակայության պատճառով զարգացած չէր ապրանքափոխանակությունը,
չկար արտաքին շուկաների հետ կապեր: Գտնվելով Թուրքիայի տիրապետության տակ` Արևմտյան
Հայաստանում ապրող հայերը մշտապես ունեին կյանքի ապահովագրության խնդիր: Ազգային և
կրոնական հողի վրա դավերին գումարվում էին նաև բազմապիսի հարկեր, որոնք է'լ ավելի էին
սրում արևմտահայերի կացությունը:
Հարկային քաղաքականություն: Արևմտյան Հայաստանում կար հարկերի մի ամբողջ
խումբ, որ Թուրքիան սահմանել էր հայերի համար. թուրքահպատակ շրջաններում հայ գյուղացին
վճարում էր պետությանը, թուրք հողատերերին` զաիմներին
ու թիամներին, խասատներին: Գյուղացու
հարկերից ամենածանրը աշարն (կամ տասնորդ հարկը) էր, այն կազմում էր հողից
ստացված տարեկան եկամտի 1/10-րդ մասը: Ախալցխայի փաշայություններում եկամտահարկը կազմում
էր մինչև 20%: Տասնորդից բացի կար նաև թոփրակ-խարաջ
կոչվող հարկ, որը վճարում էին գութան ունեցող երկրագործնորը: Արևմտյան Հայաստանի
տարբեր նահանգներում հարկերի դրույքաչափը և դրանք գանձելու եղանակը տարբեր էր, սակայն
միշտ քրիստոնյանների հարկը բարձր էր մահմեդականների հարկից, երբեմն նույնիսկ կրկնակի
չափով: Թուրքիայում գործում էր ջիզեն (գլխահարկ) կոչվող հարկը, որը վճարում էին
հայ և հրեա բնակիչներից` իբրև փրկագին: Սկզբում հարկվում էր գերդաստանը, հետագայում
հարկվում էր յուրաքանչյուր արական սեռ ունեցող անձ: Ջիզենը անընդհատ փոփոխության ենթարկվող
հարկ էր, այն գանձվում էր հաշվի առնելով ունեցվածքը. հարուստները վճարում էին 48 ղուրուշ,
միջինները` 24, աղքատները` 12: Գլխահարկը ավելանալու միտում ուներ, այն կրկնապատկվում
էր, անգամ քառապատկվում: Ջիզենից ազատված էր անկախ կամ կիսաանկախ գավառների հայ գյուղացիությունը,
սակայն այլ տարածաշրջաններում ապրող քրիստոնյանները ստիպված էին վճարել հարկը, վերջին
ժամնաակներում անգամ տարին երկու-երեք անգամ: Թուրքիայի գանձած ծանր հարկերից էր ավարիզը-դիվանիյին կամ պատահական հարկը: Այն
գործում էր պատերազմների ժամանակ, սակայն դրանց ավարտից հետո շարունակում էր գործել
արդեն իբրև կանոնավոր հարկ: Թուրքահպատակ մարզերի բնակիչները պարտավոր էին վճարել նաև
հողի հարկ: Պետական հողերի համար վճարվող հարկը կոչվում է թափու: Այն հանդիսանում էր պետական հողերի վարձավճար, որի չափը պայմանավորված
էր հողի որակով, դասակարգվում էր որպես բարձր, միջին և ցածր որակ ունեցող հողեր: Համապատասխանաբար
հողի վարձը կազմում էր 50 դուրուշ, 20-30 ղուրուշ, 15-20 ղուրուշ: Հայերը վճարում էին
նաև հողային հարկ` էմլաք, որով վճարում
էին մասնավոր սեփականատիրական կալվածքների, տների, խանութների, ջրաղացների համար: Էմլաքի
չափը տատանվում էր 70-150 ղուրուշի սահմաններում: Ղամճուրը կամ անասնատերերից գանձվող հարկը նույնպես մտնում էր պարտադիր
վճարների մեջ, հարկման ենթակա էին թե' խոշոր, թե' մանր եղջերավոր անասունները: Գոյություն
ունեին նաև քաղաքացիական տուրքեր, դրանց մեջ մտնում էր ամուսնության տուրքը (ընդ որում գանձված գումարը կախված էր թե որերորդ
ամուսնությունն է), կամ մահվան տուրքը, որի համաձայն մահացածի ժառանգության տասնորդը
ուղղվում էր գանձարան: Հարկերի ցանկը դրանով չէր ավարտվում, գոյություն ուներ փեթակի
հարկ, տոնախմբության հարկ, նովրուզի հարկ, կենեդուզի հարկ, գիշերապահության հարկ: Ծանր
հարկվում էին քրիստոնյա վանքերն ու եկեղեցիները, Կ.Պոլսի պատրիարքը պարտավորվում էր
140 հազար աչքե վճարել, հարկից բացի բարձրաստիճան պաշտոնյաններին պետք է նվիրեր մետաքսյա
հագուստներ, կարմիր ճտքավոր կոշիկներ: Եկեղեցին վճարում էր քրիստոնեական պատարագներ
կատարելու թույլատվության համար: Եկեղեցին իր պարտավորությունները կատարելու համար
շահագործում էր հավատացյալ քրիստոնեաներին: Արևմտահայ աշխատավորության ուսերին էր եկեղեցու
հարկապահանջությունը: Գյուղացիները տրամադրում էին բնամթերքը և դրամավճար, ինչպես նաև
աշխատանք էին կատարում հոգևորականության համար: Լինելով թուրքահպատակ` հայերը ուղղակի
և անուղղակի ձևով թալանվում էին ոչ միայն Սուլթանական կառավարության, այլև քուրդ խաների,
անգամ հայ հոգևորականների կողմից:
Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացումը:
Տնտեսական նշանակությունը
1826-1828 թվականների ռուս-պարսկական երկրորդ
պատերազմից և դրանից հետո կնքված Թուրքմենչայի պայմանագրի համաձայն մինչ այդ Շահական
Պարսկաստանի մաս կազմող Արևելյան Հայաստանը անցավ Ռուսատանի տիրապետության տակ: Արևելյան Հայաստանը ազատվեց բնաջնջման վտանգից, կրոնական պատականելությունը
ստիպված փոխելու խնդրից: Ռուսաստանը համեմատած Պարսկաստանի առաջադեմ երկիր էր. Արևելյան Հայաստանի բնակչությունն ստացավ
կյանքի ապահովություն, ինչը նաև պատճառ դարձավ, որ Թուրքիայի ու Պարսկաստանի տիրապետության
տակ գտնվող հայերի մեծ ներհոսք սկսվեց դեպի Արևելյան Հայաստան. Արևելյան Հայաստանում արագորեն աճում էր հայ
բնակչությունը: Հայերը ազատվեցին կրոնական և ազգային պատականելության համար ճնշումներից, Հայաստանը ստացավ նաև տնտեսական և մշակութային
զարգացման հնարավորություն: Չնայած նրան, որ Ռուսաստանը աչքի չէր ընկնում իր զարգացած
տնտեսությամբ, այնուամենայնիվ այն տնտեսապես առավել զարգացած դիրքում էր գտնվում, և
ուներ զարգացման հեռանկարները: 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում զարգանում էր
արդյունաբերությունը, ստեղծվում էին արդյունաբերական ձեռնարկություններ, արտադրության
մեջ օգտագործվում էր մենքենասարքավորումները: Երկրի տնտեսական կյանքը աշխուժացավ նաև
երկաթուղային շինարարության միջոցով, ինչը հանգեցրեց ապրանքների արտահանմանը: Ռուսաստանը
որդեգրում էր կապիտալիզմի քաղաքականությունը, ինչից և ուղղակիորեն շահում էր ռուսահպատակ
Հայաստանը: Ռուսաստանին միանալուց հետո լուրջ փոփոխություններ տեղի ունեցան Արևելյան
Հայաստանի տնտեսական կյանքում: Ընդարձակվեցին ցանքատարածությունները, ստեղծվեցին գյուղատնտեսության
զարգացման նախադրյալներ, գործարանների ստեղծման հնարավորությունները: Զարգանում էր
Արևելյան Հայաստանի ներքին և արտաքին առևտրաշրջանառությունը, Հայաստանը կապեր էր հաստատում
Ռուսաստանի և Հայաստանի հարևան երկրների հետ` ապրանքների արտահանման համար:
Տեսակետ: 19-րդ դարի սկզբին, երբ Արևելյան և Արևմտյան մասերի բաժանված
Հայաստանը գտնվում էր Օսմանյան Թուրքիայի և Շահական Պարսկաստանի տիրապետության տակ,
հայերի համար կար ինքնության պահպանության խնդիր: Բազմաթիվ ֆինանսական և ֆիզիկական
զրկանքներից բացի մենք կանգնած էինք ձուլման վտանգի առջև, որը ըստ իս տեղի կունենար,
եթե Արևելյան Հայաստանը շարունակեր մնալ Շահական Պարսկաստանի տիրապետության տակ: Ռուսաստանի
կազմում հայտնվելուց հետո Արևելյան Հայաստանում դրական փոփոխություններ տեղի ունեցան:
Առաջին հերթին հայերը ազատվեցին կրոն և ազգություն փոխելու խնդրից, հետո նաև ստացան
հնարավորություն որոշակի զարգացում ապրելու: Թուրքմենչայի պայմանագրի համաձայն Հայաստանը
մի պետությանը հպատակությունից, անցավ մեկ այլ պետության հպատակությանը, այնուամենայնիվ
չհասնելով բաղձալի անկախացմանը: Պատմություն կրկնվում է. մենք շարունակում են մնալ
այս կամ այն գերտերությունից կախվածության մեջ: Կարծում եմ` այսօր, ինչպես 19-րդ դարում,
հեռու ենք ազատ պետություն ունենալու մտքից: Հեռու է այն օրը, երբ կունենանք մեր վաղուց
երազած ազատությունը: Դարերից եկած դոգման անփոփոխ է, Հայաստանը չի ունեցել, չունի
և հուսամ գոնե տեսանելի ապագայում կունենա ազատություն: Կարծում եմ` ժամանակն է հաշտվելու
ցավալի փաստին, անցյալի սխալներից հետևություններ է պետք անել` այսօր ճիշտ քաղաքականություն
վարելու համար:
Մերի Թելունց
Օգտագործված գրականություն
- Հայոց պատմության հանրագիտարան, 5-րդ հատոր
Աղբյուրներ
This is my family's photo. You do not have permission to use it. Either you give me credit or I will take it down from your site. It's not nice to steal photos. K.A.King kaking211@yahoo.vom
ReplyDelete