10.12.2014

Կինը Զոհրապի նովելներում


Կարդալով Գրիգոր Զոհրապի «Փոստալ» և «Մագթաղինե» նովելները
Գրիգոր Զոհրապը իր նովելներում ներկայացնում է կանացի ամենատարբեր կերպարներ` կերպարի հիմքում դնելով կանացի բարոյականության և արժեհամակարգի դրսևորումները: Իր նովելներում Զոհրապը անընդհատ համեմատում է հասարակության կողմից անարգվող կանանց, բարոյական կնոջ դիմակի տակ թաքնվողների հետ և միշտ նովելի վերջնական ասելիքը տանում է նրան, որ վերջիններս իրականում առավել անբարոյական են, քան օրինակ «փոստալի» նման «փոստալները»: Իրականում Զոհրապի «կանայք» իրար նման են, բոլորն էլ դժբախտ են, ամեն մեկը յուրովի, սակայն նրանցից քչերն են գիտակցում իրենց սեփական վիշտը: Զոհրապը ներկայացնում է կանանց, որոնք հանգամանքների բերումով հայտնվել են որոշակի միջավայրում, և թե ինչպես են նրանք վարվում ստեղծված իրավիճակում: Զոհրապը արդարացնում է նրանց, որոնց սովորաբար դատապարտում են, այդպիսով ստեղծելով նոր մտածողություն, նոր արժեհամակարգ:  

Տիգրանուհի-Զոհրապի նովելներից ամենադրամատիկի գլխավոր հերոսը` փոտալը: Կանացի անսպառ քնքշանքով և գեղեցկությամբ օժտված Տիգրանուհին հաշմանդամ ամուսնուն խնամելու համար գալիս է քաղաք աշխատելու, ի վերջո դառնալով հարուստ կնոջ`Սուրբիկ հանումի պլանների զոհ: Նա աշխատանքի է ընդունվում Սուրբիկ հանումի տանը, ով իր երես առած որդուն զբաղեցնելու համար օգտագործում է Տիգրանուհուն, վերջում նրան փոստալ (անբարոյական) կոչում, դուրս հանում տանից, ուրանում թոռանը: Այդտեղից սկսվում է Տիգրանուհու հոգեկան տանջանքները, հասարակության աչքին դառնալով իբրև բարոյազրկված, մենակ կին: Տիգրանուհու դաժան կյանքը էլ ավելի դժվար է դառնում, երբ մահանում է իր տղան և գեղեցիկ կնոջ կյանքի միակ իմաստը դառնում է որդու գերեզմանը: Եվ ամեն անգամ, երբ այցելում էր որդու շիրմին, օրհնել էր տալիս որդու գերեզմանը, ժամեր էր անցկացնում այդտեղ և վերադառնում` երջանկացած, ուրախացած: (-Հանը՛մ, զավկիս գացի): Տիգրանուհու ողջ կերպարը ինձ համար առաջին հերթին մայրական սիրո տեսակ է, թե ինչ անձնազոհությամբ և նվիրվածությամբ է սիրում մայրը իր զավակին, թե ինչպես է սքում որդու կորուստը: Նա մոր կերպար էր:

Սուրբիկ հանում-Սուրբիկ հանումը անհոգի էր, չար, կեղծ ու դաժան, «սուրբիկ» իր ողջ բնույթով: Նա այն կանանցից է, որոնք հասարակության մեջ իրենց սուրբ են հռչակում, իրենց թույլ են տալիս քննարկել ու քննադատել մարդկանց բարոյականությունը: Նա արժեքներ չունեցող մարդ էր, նրա համար կինը, նրա զգացմունքները և անգամ իր թոռը ոչինչ էին, և նա հանուն իր «սուրբիկ»-ի կոչման, պատրաստ էր դժբախտացնել ու անարգել մարդկանց:

Հաճի Տյուրիկ-Դարձյալ կեղծ սրբացված կին, ինչպես Սուրբիկ հանումը: Ընդհանուր առմամբ Հաճի Տյուրիկը և Սուրբիկ Հանումը իրար շատ նման հերոսներ էին, տարբերությունը միայն վերջիններիս սոցիալական դիրքն էր, որով Հաճի Տյուրիկը ցածր է Սուրբիկ հանումից: Նա խելացի կնոջ կերպար էր, ով իր հնարամատությամբ հասել էր հաճի կոչմանը (Հաճի Տյուրիկ, որ ան ատեն դեռ Երուսաղեմ գացած չըլլալուն համար՝ հաճի չէր):


Մաղգթաղինե-«Մագթաղինե» նովելի հերոսուհին, ում պայմանականորեն Մագթաղինե եմ կոչում (Զոհրապը նրան չի անվանել) մարմնավաճառ էր: 16տարեկան աղջիկ, ով վերցրել էր իր որբ ընտանիքին պահելու պարտականությունը: Աստվածավախ էր, գիտեր, որ ֆիզիկապես մեղք է գործում, սակայն ներքուստ հանգիստ էր, գուցե նաև հպարտ, որովհետև կարողանում էր ապահովել իր սիրելիներին հասարակության կողմից խարազանվելու գնով: Մագթաղինեն պարզ էր, այն էր, ինչ կար, իրեն սուրբ չէր հռչակում, բայց գիտեր, որ այն, ինչ ստիպված է անել, ավելի վեհ գործի համար է: Նա ինքնազոհ էր, ծայրաստիճան նվիրվող, իր անձը չէր կարևորում, իրեն գործիք էր համարում, ու ինքն իրենով, իր գնով ուզում էր փրկել հարազատաներին: Նա անբարոյական չէր, ի վերջո մահացավ` չկարողանալով մինչև վերջ իրականացնել իր առաքելությունը:
Մերի Թելունց

No comments:

Post a Comment