10.16.2014

Երբ առաջին անգամ որոշեցի խնայել


Մարդիկ չեն հասկանում, թե որքան շատ եկամուտ է բերում խնայողությունը:
Ցիցերոն
Ամեն ինչ սկսվեց մոխրագույն փղիկից, որը նվեր էի ստացել ընկերուհուցս ծննդյանս վեցերորդ տարելիցի առթիվ: Դա մի փոքրիկ հուշանվեր էր` մի գեղեցիկ խնայատուփ, որ հետո դարձավ իմ տարարժեք դրամների հավաքատեղին, իմ մանկության ավանդը, փղիկին անընդհատ շխկշխկացնելու և մետաղադրամները օրը տասն անգամ հաշվելու և դրանից հազար անգամ ուրախանալու պատճառը, իմ խնայող էության առաջին խորհրդանիշը: Խնայատուփ ստանալուց հետո իմ կյանքում շրջադարձային փոփոխություններ տեղի ունեցան. իմ փղիկը կարծես անտեսանելի ուժ ուներ և իր երկար կնճիթով ու բարի աչքերով ստիպում էր ինձ անընդհատ մետաղադրամներով «կերակրել» իրեն: Ծնողներիս տված ամենօրյա գումարը, մեր տանը ամենուր հանդիպող մանրադրամները, մի խոսքով յուրաքանչյուր մանրադրամ, որ ցանկացած ձևով ու նպատակով գտնվում էր իմ ձեռքում, շատ արագ հայտնվում էր խնայատուփում և ես` փոքրիկ տնտեսողս, հետևողականորեն ընդլայնում էի իմ անձնական բյուջեն: Փղիկս, ցավոք, փոքր էր. մետաղադրամների առատությունից այն դադարել էր շխկշխկալ. այն այլևս ի զորու չէր իր մեջ կուտակել իմ «հարստությունը», և ես ստիպված էի ընդունել մի բարդ որոշում` բացել ամիսների խնայողության արդյունքը: Այժմ դժվարանում եմ հիշել, թե կոնկրետ ինչքան էի հավաքել, բայց պարզ հիշում եմ, թե ինչով փոխանակեցի իմ առաջին խնայողությունը` մոտ յոթ հազար դրամը: Հավաքած գումարով մայրիկիս ծննդյան առթիվ գնեցի ծաղկեփունջ և մի համեստ մարգարտյա շղթա: Մայրիկիս ուրախությունն ու հիացմունքը ինձ ավելի ոգևորեց, և ես հասկացա, որ մետաղադրամները ոչ թե շխկշխկացնելու, այլև սիրելիներին ուրախացնելու համար են: Հետագայում սովորեցի, որ մարդկային անսահմանափակ պահանջմունքները սահմանափակ ռեսուրսներով բավարելու համար պետք է ռացիոնալ օգտագործել ձեռքի տակ եղած միջոցները: Այնուհետև շարունակեցի պահպանել դրամ հավաքելու մշակույթը. պարբերաբար  իմ «փղիկի փորիկում» էին հայտնվում գնումներից մնացած մանրը, դպրոցի գրադարանում աշխատելու ամիսներին` «վաստակածս դրամագլուխը»: Ունենալով խնայելու որոշակի փորձ` ինձ մոտ առաջացան մի շարք դրական գծեր. ես սկեցի գնահատել ոչ միայն փողը կամ փողով փոխանակվող բարիքները, այլ նաև նորին մեծություն ժամանակը, որի արդյունավետ օգտագործումը պակաս եկամտաբեր չէ: Ես սկսեցի ուշադրություն դարձնել մեր բնակարանի կոմունալ ծախսերին և հետևել, որ անտեղի հոսանք և ջուր չվատնվի: Հետագայում, մտքերս ուղղեցի դպրոցին, և ես ընկերներիս հետ միասին ներկայացրի կրթահամալիրում գազի արդյունավետ սպառման նախագիծ, որտեղ առաջարկում էինք տարբերակներ` կրթահամալիրում գազի սպառման ծավալները կրճատելու և կապույտ վառելիքը խնայողաբար օգտագործելու համար:
Արդյունքում փոքրիկ փղիկը օգնեց ինձ նաև մասնագիտության ընտրության հարցում. որոշեցի դառնալ արհեստավարժ խնայող` տնտեսագետ, և հիմա հաճախում եմ մեր կրթահամալիրում գործող «Տնտեսագետի» ակումբ: Խնայելն ու արհեստավարժ «խնայող» լինելու կարգավիճակը ինձ դուր եկավ, այժմ իմ բոլոր մտահաղացումները և ջանքերը ուղղորդում եմ ապագա մասնագիտությանս, որպեսզի կարողանամ խնայել ոչ միայն իմ ու հարազատներիս, այլ նաև իմ երկրի համար:


Հ.Գ.Ցավոք, ինձ այդքան օգնող փղիկն այսօր «կենդանի» չէ, իմ կրտսեր եղբոր թեթև ձեռքով արդեն երեք տարի է, ինչ այն վերածվել է գիպսե ջարդոնի, որի մի մասը ես զգուշորեն պահում եմ իմ դարակում, իսկ մյուսը մասը անհայտ կորել է երևանյան աղբանոցներից մեկում:
Մերի Թելունց 

No comments:

Post a Comment