1.11.2015

Դեկտեմբերի 17: Դրամի «սև չորեքշաբթին»


Դեկտեմբերի 17-ին գրեթե բոլոր արտարժույթների նկատմամբ արձանագրվեց Հայաստանի ազգային արժույթի` դրամի,  փոխաժեքի կտրուկ անկում: Արժույթի աննախադեպ անկումը ժամերի ընթացքում հասարակության շրջանում  առաջացրեց խուճապ: Այն քաղաքացիները, որոնք ունեին դրամի տեսքով խնայողություններ, ողջ օրվա ընթացքում ձգտում էին արագ «ազատվել» դրանից: Անկումը քաղաքացիներին մղեց դեպի խանութներ, տարադրամի փոխանակման կետեր: Հասարակության նմանօրինակ հուզումներն ու խուճապը ստիպեցին ապրանք վաճառողներին և տարադրամի փոխանակմամբ զբաղվողներն կտրուկ բարձրացնել ապրանքների գները և արտարժույթի փոխարժեքները, իսկ որոշները առժամանակ կասեցրին առքուաճառքը…
Ի հեճուկս ՀՀ տնտեսության ցածր իմունիտետի` շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստանում գլուխ է բարձրացրել արտարժույթի նկատմամբ ազգային արժույթի արժեզրկման հարցը` ստվերելով հասարակական և քաղաքական քննարկման ասպարեզում գտնվող անգամ ամենաշահարկված թեմաները: Դա ունի իր բացատրությունը… Ֆինանսական բորսայում դրամ-դոլար հարաբերությունը հատեց վերջին ութ տարիների ընթացքում սահմանված առավելագույն չափը. մեկ դոլարի փոխարժեքը դարձավ 550 դրամ, եվրոն հասավ 690 դրամի, արդյունքում դոլարը արժևորվեց 18,6,%, եվրոն` 18%-ով: Դրամի կտրուկ արժեզրկումը հանկարծակիի բերեց ֆինանսական ոլորտի շահառուներին` հակասելով 2014 թվականի համար Կենտրոնական բանկի կանխատեսումներին: Արդյունքում հանրապետության ողջ տարածքում նկատվեց ակնհայտ գնաճ. կտրուկ թանկացան ամենատարբեր ապրանքատեսակները` այդ թվում նաև տեղական արտադրանքը: Որոշ ապրանքատեսակների մասով տոկոսային հարաբերությամբ գնաճը եղավ ավելի` քան դրամի արժեզրկումը: Տնտեսությունում տիրող քաոսային իրավիճակը առիթ հանդիսացավ տարաբնույթ մեկնաբանությունների: Վերլուծաբանների մի մասը արժեզրկումը պայմանավորում էր արտաքին տնտեսաքաղաքական նոր իրողություններով, մյուս մասը` «մեղադրում» էր ներքին խնդիրներին: Հայկական արժույթի արժեզրկման գլխավոր` ներքին պատճառը, վերջին շրջանում շուկայում առաջացած դոլարի դեֆիցիտն է: Դոլարի նկատմամբ պահանջարկը գերազանցում է շուկայական առաջարկին, ինչն էլ ենթարկվելով տնտեսագիտության ոսկե կանոնին (պահանջարկի օրենք)` հանգեցնում է դրամ-դոլար փոխարժեքի աճին: Հաշվի առնելով այն, որ Հայաստանում սպառվող ապրանքների ծանրակշիռ մեծամասնությունը ներմուծված է, ուստի բնական է, որ դոլորի նկատմամբ պահանջարկի առյուծի բաժինը ընկնում է դրանց ներկրմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին: Վերջիններս տնտեսության մեջ առկա արտարժույթը «արտահանում» են  արտերկիր` հանգեցնելով շրջանառության մեջ արտարժույթի ծավալային կշռի նվազման: Դոլար չներմուծող և եղածն էլ անխնա արտահանող Հայաստանում, արտահանումը մի քանի անգամ գերազանցում է ներմուծմանը, իսկ բացասական սալդոյի ցուցանիշը վերջին ժամանակներս էլ ավելի աճեց արտահանման ծավալների կրճատման արտաքին գործոնի պատճառով: Դրամի արժեզրկման արտաքին պատճառը նավթի գների անկումն է: Իրողությունը բացասաբար ազդեց նավթամքերքի վաճառքով զբաղվող ԱՊՀ երկրների` մասնավորապես Ռուսաստանի տնտեսության վրա: ՌԴ-ում ստեղծված իրավիճակը նվազեցրեց հայկական ապրանքների` ռուսական շուկայում իրացումը, ինչն էլ պատճառ դարձավ Հայաստանի արտահանման ծավալների կրճատման: ՌԴ տնտեսության ճգնաժամային իրավիճակը բացասական ազդեցություն ունեցավ նաև Հայաստանում գործող ռուսական ընկերությունների աշխատանքի վրա, կրճատվեց նաև Ռուսաստանից Հայաստան ուղղվող տրանսֆերտները: Արդյունքում ռեսուրսներ չունեցող և իրադարձությունների ծայրակետում գտնվող Հայաստանի տնտեսությունը անմասն չմնաց արտաքին բացասական ազդեցություններից և ազգային արժույթի արժեզրկմամբ տուժեց գրեթե այնքան, որքան իրադարձությունների կիզակետում գտնվող մնացած պետությունների տնտեսությունները: Արտարժույթի արժևորման մեջ, որպես արտաքին գործոն, իր առանցքային դերակատարումն ունեցավ արտարժույթի տերը` ԱՄՆ-ն, որ միայն իր արժույթը վեր ու վար անելով`ստեղծեց ճգնաժամային իրավիճակը: Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող վալյուտայի փոփոխությունը լրացուցիչ 1.5-2% գնաճի խթան դարձան: Արդեն իսկ թանկացել են ներմուծվող ապրանքատեսակները, որոնք կազմում են ՀՀ քաղաքացու սպառողական զամբյուղի 37%-ը: Եթե ազգային արժույթի արժեզրկմամաբ պայմանավորված թանկացումներին գումարենք նաև սեզոնային թանկացումները, ապա նոյեմբերի սկզբից մինչ այսօր, գնաճը Հայաստանում տարբեր ապրանքատեսակների համար միջինում կազմել է երկնիշ տոկոսներ: Ստեղծված իրավիճակից առավելապես օգուտ են քաղում վերավաճառողները, ովքեր ներմուծման վնասի անվան տակ, երբեմն կրկնապատկում են իրենց շահույթը: Երբ դոլարը արժեզրկվում է 25%-ով, բայց դրա անվան տակ օրինակ շաքարավազը երևանյան տարբեր վաճառակետերում 350 դրամից հասնում է գրեթե 700 դրամի` դա մեղմ ասած հնարավորությունների չարաշահում է: Ակնառու օրինակ են նաև կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները, որոնք բարձրացնում են կաթնամթերքի գինը` պատճառաբանելով հումքի` կաթի փոշու ներմուծման բարձր գինը, հակառակ` պիտակի վրա «անարատ կաթ» գրությանը:
Արևմտյան արժույթները Հայաստանում ամրապդնվում են, հյուսիսային ռուբլին` արկեզրկվում և վալյուտային վայրիվերումներից առավելապես տուժում են արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիները, ովքեր ստիպված են վճարել ոչ միայն մենաշնորհների «վնասները մեղմելու», այև դրամի` ռուբլու նկատմամաբ արժևորուման համար: Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնողների մեկ տարվա վաստակը ռուբլու անկանոն արժեզրկման պատճառով այսօր կրկնակի անարժեք է, իսկ տարադրամի փոխանակման արդյունքում ստացված գումարը կորցրել է նախկին գնողունակությունը: Հայաստանի տնտեսության, օտար մարմիններից խոցելիությունը հարվածում է Հայաստանի շարքային քաղաքացու ընտանեկան բյուջեին:

Մակրոտնտեսական բազմաթիվ հետազոտությունները փաստում են` տնտեսությունում առկա գնաճի մակարդակը 1%-ը փոխհատուցելու համար, պետությունները ծախսում են երկրի ՀՆԱ-ի 4%-ը: Կարծես ՀՆԱ-ի 4%-ի ավելցուկը իրեն զգացնել է տալիս Հայաստանի տնտեսությունում, քանզի եթե վարվենք այնպես, ինչպես փաստում են համաշխարհային հետազոտությունները` այն կծախսվի վերջին ժամանակներում «բարոյալքված» ազգային արժույթը «բարոյական» դարձնելու համար...
Մերի Թելունց

No comments:

Post a Comment