2014…տարին անցավ օրերի նման, անցավ` արագ, ակնթարթորեն: Մեծացա մեկ տարով, ուրախացա և տխրեցի մեկ տարի ևս, հասկացա և հասկանալու փուլում եմ, հաջողեցի ու կարողացա, ձախողվեցի` անխնա: Եվ նորից` արդեն երկրորդ անգամ, հունվարի 1-ին, երբ բոլորը հանգստանում և տոնում են սուրբծննդյան տոները, ես գրում եմ տարեմուտի հաշվետվությունս` խոսում արվածի ու նոր տարվա անելիքներիս մասին:
2014-ը ուրիշ տարի էր` լի հետաքրքիր իրադարձություններով,
դեպքերով ու դեմքերով: Տարին չկորցրեց իր հետաքրքրությունը` պահելով ինձ անվերջանալի
սպասումների մեջ, որոնցից մի քանիսը չիրականացան, որոշներն էլ` իրականացան մասամբ:
2014-ից չեմ բողոքում, որովհետև, յուրաքանչյուր անհաջողություն իր հետ բերում էր մեկ այլ ոլորտում
ձեռքբերում, մի նոր սուբյեկտիվ հաղթանակ, որի մասին անգամ չէի մտածել, և որը երջանկացնում
էր ինձ. խոսելու եմ միայն ձեռքբերումների մասին: 2014-ին մասնակցեցի մի շարք ուսումնական
նախագծերի, հրապարակեցի բազմաթիվ հոդվածներ, ուսումնական նյութեր, խորացրի իմ մասնագիտական
և առարկայական գիտելիքները: Տարվա սկզբում` ուղիղ մեկ տարի առաջ ընկերներիս հետ միասին
ներկայարցրինք «Գազի սպառման արդյունավետությունը կրթահամալիրում» նախագիծը, որը ի
դեպ «Հանրակրթական դիջիթեք» ստուգատեսի
շրջանակներում դարձավ մրցանակակիր: Դիջիթեքին բլոգս «Ուսումնական կայք, բլոգ, էջ» անվանակարգում
արժանացավ հատուկ մրցանակի: Իմ քաղաքական և տնտեսական հոդվածները հրապարակեցի լրատվական
կայքերում. հրապարկեցի ու հաջողեցի, դրանց լսարանը հասավ մի քանի հազարի, ինչը, անկեղծ, զարմացրեց ինձ:
Մայիսին սկսեցի ուսումնասիրել հաշվապահություն. իրոք հետաքրքիր է, սկսեցի փորփրել թվերի
աշխարհը և իմ անվերջանալի հարցերով տանջել ինչպես ընկեր Արմանին, այնպես էլ իմ շրջապատում
բոլոր տնտեսագետներին և հաշվապահներին: Հիշում եմ ուրախությունս, երբ մի ամիս հաշվապահության
մեջ խորանալուց հետո վերջապես պատկերացրի «բալանս» գաղափարը, զգացի` ինչ բան է իմացումի
հրճվանքը: Ամառը` արձակուրդներին, ինձ պարապուրդի չմատնեցի. անգլերեն «Ջեյն Էյրը» կարդացի,
մի քանի հայկական և արտասահմանյան գրողների գործերից էլ ընթերցեցի, և իհարկե լուծեցի
մաթեմատիկայի անթիվ-անհամար առաջադրանքները: Նոր ուսումնական տարվա մեկնարկը տպավորիչ
էր. եկա դպրոց նոր գաղափարներով, մի նոր ու հետաքրքիր բան անելու ցանկությամբ: Մասնակցեցի
ՀՀ Կենտրոնական բանկի կազմակերպած «Իմ ֆինանսների միամսյակ» նախագծին և նախագծի շրջանակներում
կազմակերպված «Երբ առաջին անգամ որոշեցի խնայել» թեմայով շարադրությունների մրցույթում
180 աշխատանքների մեջ արժանացա երրորդ հորիզոնականին: Գնացի Կենտրոնական բանկ և հոգով
մնացի այնտեղ: Այժմ, ես` «աներես» սեբաստացիս, աննահանջ բանակցում եմ ԿԲ ներկայացուցչի հետ, որ համատեղ
ստուգատես իրականացնեք: Բանակցում եմ, և կածես իմ դիվանագիտական մտատանջությունները
օգուտ են տալիս: Փակագծերը չեմ բացում, շուտով կտեսնեք «Տնտեսագետի» ակումբի և Կենտրոնական
բանկի համագործակցության արդյունքները: Մի խոսքով 2014-ը թեժ էր, 2015-ը էլ ավելի թեժ
է լինելու: 2014-ին լինում էին պահեր, երբ հաջողությունը ուղիղ իմ ձեռքի վերևում կախված
էր, բայց նենգը այդպես էլ ափումս չէր հայտնվում: Սկզբում` մի երկու ժամ, հուսահատվում
էի, բայց հետո հասկանում, որ կյանքում ոչ միշտ է լինում այնպես, ինչպես մենք ենք
ուզում, և հաճախ հաջողության ճամփան քարքարոտ է, երբեմն բոլորովին անանցանելի:
Ես այս տարի սովորեցի չհուսահատվել, պայքարել
ու մինչև վերջ պայքարել, և գնահատել, որ իրականում ահագին լավ բաներ են եղել: Այս տարի
շատ եմ սխավել, բայց ես գիտեմ` դեռ անսահման սխալվելու հնարավորություն ունեմ, ու ես
ազատորեն օգտագործում եմ իմ կյանքի անմեղսունակ շրջանը: 2014 թվականն իմ գիտակից կյանքի ընթացքում ամենալավ տարիներից
էր, ես սիրով հրաժեշտ եմ տալիս 2014-ին
ու ողջունում 2015-ը: Գալդ բարի հաղթանակների
տարի...
Մերի Թելունց
No comments:
Post a Comment