2.18.2016

Ավետիք Իսահակյան «Աբու-Լալա Մահարի»


Հայ նշանավոր բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թվականին, Ալեքսանդրապոլ գավառի (այժմյա Գյումրի) Ղազարապատ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի Հառիճի վանքում, հետագայում (1889-1892թթ) շարունակել կրթությունը Գևորգյան ճեմարանում: 1893թվականին տեղափոխվել է Գերմանիա, որտեղ որպես ազատ ունկնդիր ընդունվել է Լայպցիգի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժինը: Երկու տարի Գերմանիայում ապրելուց հետո 1895թվականին Իսահակյանը վերադարնում է հայրենիք` սկսելով զբաղվել հասարակական և քաղաքական գործունեությամբ: Լինելով ՀՅԴ Ալեկսանդրապոլի կոմիտեյի անդամ` նա իր մի խումբ քաղաքական գաղափարակիցների հետ 1896թվականին ձերբակալվում է, և շուրջ մեկ տարի ապրում անազատության մեջ: Ազատումից հետո նա տեղափոխվում է Բեռլին, ապա վերադառնում Թիֆլիս: 1911-ին մի շարք մտավորականների հետ նա կրկին ձերբակալվում է. գրեթե նույն ժամանակահատվածում նա գրում է «Աբու-Լալա Մահարի» պոեմը, որ Իսահակյանի ամենահայտնի ստեղծագործություններից է:
Նախաբան: Բովանդակությունը` համառոտ
Բաղդատի հռչակավոր բանաստեղծը` Աբու-Լալա Մահարին, երկար տարիներ ապրեց, ապրեց փառքի, հարստության, հարգանքի ու հռչակի մեջ: Ապրեց հոգևոր և ֆինանսական հարստության մեջ, բայց իր խորաթափանց հոգին չկարողացավ հանդուրժել իրեն շրջապատող մարդկանց էությունը` կեղծ ու անազնիվ լինելը: Եվ քանի որ կին ու զավակներ չուներ, իր ողջ ունեցվածքը բաժանեց աղքատներին, վերցրեց ամեն անհրաժեշտը և մի գիշեր, երբ ողջ Բաղդատը ննջում էր, վերցրեց իր ուղտերի քարավանը, և աննկատ հեռացավ իրեն վայելքներ ու դատարկություն պատճառող քաղաքից:
«Աբու-Լալա Մահարի» պոեմը ներկայացնում է մի մարդու հոգեվիճակը, ով կյանքում հասել է բարձրունքի, բայց ժամանակի ընթացքում հասակացել է, որ այն ինչ իրականում ունի, ոչ այլ ինչ է, քան ժամանակավոր ուրախություն, որ վաղ, թե ուշ կորցնում է իր արժեքն ու նշանակությունը: Ընկերներ, փառք, պատիվ, սեր, հարստություն, օրենք, իշխանություն. բոլորը սուտ ու ժամանակավոր են, հորինված ու կեղծ: Երբ գանձեր ունես, ընկերներդ կողքիդ են, պատվի և հարգանքի ես արժանանում նրանց կողմից: Երբ խոսքդ նրանց օգտին է, ուրեմն իմաստուն ես, գիտուն ու ճիշտ ես. ասում ես այն, ինչ ուզում են լսել քեզնից: Մենք ցանկանում ու ողջ կյանքում պայքարում ենք ամբոխի հարգանքն ու մեծարանքը վաստակելու համար: Ստանալով` երջանկանում ենք, մեզ գնահատված ենք զգում, բայց գիտակից դառնալով` հասկանում ենք, որ կյանքը ուղղակի գործարք է, որտեղ շահում է նա, ով ավելի խորամանկ է լինում: Եվ գազաններին ընկեր դառնալը գուցե ավելի լավ է, քան մարդու հետ սեղան նստելը. գազանները կանխատեսելի են, նրանցից հարվածը սպասելի է, նրանք վնասը բացահայտ են տալիս. մարդը խորհում ու ավելի հաշվենկատ է գործում (Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի, գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների): Կինը, սերը, զգացմունքները, կապանքներ են, որ չեն թողնում ապրել ազատ, վայելել միայնակության երջանկությունը: Կնոջ սերը հարաբերական է «Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ, աղջուր է տալիս, որ միշտ ծարավնաս», նա սիրում է իրեն սիրողին, սիրում է տանջել, ու աղ ցանել վերքիդ, հետո աղաջուր է տալիս, որ միշտ կախվածություն ունենաս իրենից: Ու ստիպում է ապրել երկընտրանքի մեջ. ապրել նրա հետ ու անպատասխան սիրել կամ թողնել ու հեռանալ (Թողել ենք այնտեղ կի՞նաստվածային, սե՞րերջանկություն, անհուն երազա՞նք.-Քայլիր, կանգ մի առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք): Աբու-Լալայի քարավանը շարունակում է իր ճամփան լուսնի շողերով լուսավորվող չքնաղ աշխարհում, անծայրածիր ու հեքիաթային աշխարհում, որտեղ մենք` մարդիկս, քարավան ենք. գալիս, անցնում ու գնում ենք, հեքիաթը կրկնվում է յուրաքանչյուրիս համար, բայց մեզնից հետո աշխարհը փոխվում է: Կոկորդ ենք կրծում, իրար վնասում, ու փչացնում ենք գեղեցիկ աշխարհը, որ այնքան սիրուն ու ջերմ է: Բայց քարավանները գալիս ու գնում են, մարդիկ ծնվում ու մեռնում են, բայց աշխարհը կրկին նորովի է դառնում նոր ծնունդի համար, նորովի ու զերծ նախկին սերունդների պղծությունից, այնքան ժամանակ, մինչև նորածինը դառնում է աշխարհը պղծողներից մեկը: Աբու-Լալային ինչ-որ ուժ մղում է դեպի հայրենիքը: Սիրտը ուզում է վերադառնալ, բանականությունը՝ պայքարում ցանկությունների դեմ, որպեսզի ստիպված չլինի հիասթափվել, դավաճանվել բարեկամների, ընկերների, սիրելիների կողմից կրկին: Դավաճանում ու ուրանում են բարեկամներն ու թշնամիները. նշանակություն չունեցող մարդու դավաճանությունը, դավաճանություն չէ` անտարբերություն է:
Տեսակետ
Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը խորը հիասթափություն ապրած մարդու հոգեվիճակ է, ում, ճակատագրի բերումով, միշտ շրջապատել են անազնիվ ու կեղծ մարդիկ, ինչն էլ դարձել է «Աբու-Լալա» հերոսի վստահության կորստի պատճառը: Իհարկե, պոեմի ասելիքը մեծամասամբ հասկանալի է, սակայն իմ կարծիքով, սխալ է մարդկանց որոշակի խմբի արատներով բնորոշել ողջ մարդկությունը: Մարդիկ տարբեր են, տարբեր են նրանց արժեհամակարգերը. ոչ բոլորն են դավաճան, նենգ, ստոր ու շահամոլ: Վատերի կողքին կան նաև ինքնազոհներ, լավ ընկերներ, բարի ու հոգատար մարդիկ, որոնց արժեքը չէր զգացվի, եթե չլինեին չարերն ու կեղծավորները: Եթե չլինի վատը, լավը պարզապես տեսանելի չի լինի, որովհետև չի լինի համեմատության առարկա, որոնք միասին դիտարկելով` կտեսնեք լավը: Նորմալ է, որ կա լավ ու վատ, կյանքը հենց դրականն ու բացասականն է, արդեն մեզնից է կախված, մեր կյանքում որը կգերակշռի, ու որ ուղղությամբ կգնա: Երջանկությունը հենց մանրուքներն են, պետք չէ ժամանակ կորցնել վատի ու այն վատաբանելու վրա` անտեսելով երջանկությունը, և այն վայելելու պահերը...

Խելոքները կարողանում են մանրուքները տարբերակել կարևորներից, իսկ ավելի խելոքները հավատացնում են իրենց, որ կյանքը ցանկացած պարագայում մանրուք է, և դրանցից բողոքելով` իրենք, միևնույն է, ավելի երջանիկ չեն դառնա: Գուցե այդ պատճառով է, որ խելացի մարդիկ երջանիկ չեն. նրանք չգիտեն գնահատել պահի երջանկությունը: Նրանք չեն վայելում հաղթանակը, սերը, ուշադրությունը, սիրված լինելը: Կյանքի հանդեպ չափից շատ պեսիմիստական մոտեցումը ստիպում է լինել միայնակ, հասարակությունից մեկուսացած: Միայնակությանը վարժվում են, անգամ սկսում են սիրել, բայց հաստատ նրա հետ երջանիկ չեն լինում: Նույնիսկ Իսահակյանի հերոս` Աբու-Լալան, որ այդքան հիասթափված էր մարդկանցից, անապատով քայլելիս հետ չէր նայում, որ հանկարծ զգացմունքները չհաղթեն բանականությանը, ու չստիպեն նրան վերադառնալ: Ինչքան էլ անապատը ու աստղերը սիրուն են, պետք է խոստովանել, որ մենք մարդ ենք, ու մարդկանց կարիք ունենք: Եթե վատն ենք տեսնում մարդկանց մեջ, պետք է փորձենք բողոքելու փոխարեն լավը դարձնել նրանց, մեծահոգի լինել թեկուզ մեր անձը նրանց համար օրինակ դարձնելով: Եթե բոլորը մտածեն, ու վարվեն այդպես, մեր ներքին աշխարհը, Աստծո ստեղծած աշխարհի պես մաքուր ու լավը կլինի...
Մերի Թելունց

No comments:

Post a Comment