3.16.2016

Նամակ նրան, ով գալու է վաղը…


Ողջույն ընկեր: Քո դիմաց կանգած է կյանքի արդեն տասնյոթ տարին ոլորած սեբաստացի շրջանավարտ: Ուզում եմ խոսել քեզ հետ ու կիսվել իմ տպավորություններով, մտքերով, խորհուրդներով, սեբաստացիական կյանքով: Քեզ մի գաղտնիք ասեմ. դպրոցի հիմնական նպատակը բանիմաց և սեփական կարծիք ունեցող սովորողների ձևավորումն է: Կրթահամնալիրում հաջողության հասնելու համար դասգրքային նյութը իդեալական անգիր սովորելը բավական չէ: Հետաքրքրվիր տեղի և միջազգային իրադարձություններով, ունեցիր և բարձրաձայնիր քո կարծքիը, հոդվածներ գրիր ու հրապարակիր, ֆիլմեր և ռադիոնյութեր պատրաստիր, թարգմանիր, բանավեճիր ու սեմինարներ կազմակերպիր, հրավիրիր մասնագետների՝ հետաքրքիր անհատների: Արա ինչ ուզում ես, սովորիր այն ինչով իրոք հետաքրքրված ես: Դու ունես հնարավորություն տնօրինելու քո աշխատաժամանակը և փորձիր դա ծախսել ինքնուսուցման և անընդհատ քո զարգացումը տեսնելու վրա: Բայց մի կանոն կա, գիտես, մեր անպատ դպրոցի պես պետք է բաց, անկեղծ ինքնուրույն լինես: Քեզ ոչ ոք չի գովի, եթե կրկնես ուսուցչի կարծիքը ու չի փնովի եթե պնդես քոնը: Ազատ եղիր և օգտագործիր ինքնաարտահայտվելու քո հնարավրությունը: Եղիր պահանջատեր սովորող. կրթահամալիրում սիրում են, երբ սովորողը ստիպում է դասավանդողին անընդհատ աշխատել իր հետ: Հանգիստ խլիր ուսուցչիդ ընդմիջումը և կստանաս քո բոլոր հարցերի պատասխանները: Նախաձեռնիր ու կխրակուսվես. ինքնակրթությունը գրեթե այնքան կարևոր է, որքան թիմային աշխատանքը: Կարողացիր կիսել գիտելիքդ ուրիշների հետ և բաց եղիր նոր գիտելիքի համար: Մոռացիր ավանդական դպրոցի քո բոլոր պատկերացումները. սա ուրախ սովորողների, բարի և ընկերասեր դասավանդողների ու ժպտերես տնօրենի դպրոցն է: Սիրիր դպրոցը և հոգատար եղիր նրա նկատամամբ: Մեր դպրոցում անընդհատ ճամփորդելու ես: Պատրաստ եղիր կիլոմետրերով քայլելու, հոգնելու, մրսելու. եղիր ընկերասեր և շուտ հարմարվող, թիթիզությունը սեբաստացուն չի սազում: Ու մեր դպրոցը, կարծես համընդհանուր միջավայրից անջատված մի մարմին է: Գնահատիր այն ինչ տալիս է նա քեզ և միշտ ունեցիր մտավախություն, որ կզրկվես այդ ամենից մեկ այլ միջավայրում հայտնվելիս: Փորձիր տարածել դպրոցում ամեն օր տեսածդ, որ կողքի բակում ապրողի ու մեզ հետ կապ չունեցողի համար անհավատալի ու տարօրինակ մի բան է: Կրթահամալիրից դու մտածողություն ես ստանալու, որ ուրիշ է ու եզակի քո երկրում: Տարածիր դա, ուր էլ լինես, որ փոխվի այն, ինչ չես սիրում, այն ինչ պարտադիր է, որ լավը չի, բայց բոլորը չհասկանալով դա անում են: Տարածիր, որ իմ ու քո նմանները հասարակությունում ձևավորեն սեբաստացու տեսակը, ազնիվ ու ազատ տեսակը: Երևի դա է սեբաստացու հիմանական առաքելությունը, դա է նպատակը, որով կրթվում ու դաստիարակվում ենք…

Հ.Գ.Եվ վերջին կանոնը` մոռացիր կանոնների մասին...
Մերի Թելունց

No comments:

Post a Comment