«Եվրոպական երիտասարդական պառլամենտ»: «Ամառային դպրոցական նստաշրջան» ֆորում:
Ամեն ինչ սկսվեց
այսպես: Մի քիչ երկար...
20.07, օր առաջին: Առավոտյան ժամը ութն է: Հավաքվել ենք մարմարյա սրահում, որ վերջնական որոշենք,
թե ինչպես ենք ներկայանալու կոմիտեների ներկայացման փուլում: Ընդհանուր հայտարարի գալը
բարդ է, երբ պնդաճակատ յոթ սեբաստացիներ ունենում են յոթ տարբեր կարծիք: Կարծես՝ գնալու
ժամն է, և շարժվելուց քսան րոպե հետո, մենք պայմանավորված վայրում ենք: Ֆորումին մասնակցում
են ներկայացուցիչներ Երևանի հինգ տարբեր դպրոցներից: Սկսվում է պաշտոնական բացման արարողությունը:
Մենք սեբաստացիական շապիկներով ենք, բոլորովին դուրս հուգստի պաշտոնական ձևաչափից:
Մեկնարկից հետո շարժվում ենք «ԱՅԲ» կրթահամալիր, որտեղ և երիտասարդ, «պառլամենտական»,
ժպտերես և ուրախ դեմքերն են: Նոր մարդիկ են, նոր դեմքեր: Գալիս է կրթահամալիրը ներկայացնելու
պահը: Բարձրանում ենք բեմ, սկսում Անդաստանով (թերևս միայն դրանով կարողացանք համաձայնության
գալ): Պետք է քիչ ժամանակում հնարավորինս շատ տեղեկատվություն հաղորդենք կրթահամալիրի
մասին: Ներկայանում ենք միանգամից չորս ֆիլմով: Անգլերենը կարծես վատ չէ, լեզվական
խնդիրը շատ չի խանգարում: Հանդիսատեսը գոհ է, կազմակերպիչները՝ տպավորված, մենք՝ ուրախ:
21.07, օր երկրորդ: Առավոտյան տասին հրավիրված ենք հայկական խոհանոցի մասին գործնական դասախոսության:
Ճաշակում ենք համեղ ուտեստներ, և միարժամանակ լսում, թե որքան կարևոր է ազգային խոհանոցի
պահպանությունը: Երեք ժամ անց՝ երեկոյան յոթին, սկսվում է «Տաղանդների գիշերը»: Սեբաստացի
տաղանդը՝ Աննա Մկրտչյանը, բացում է համերգը՝ իր ձայնով և գիտառով գերելով բոլորին: Մի քանի համար հետո բեմում
Կարինեն է: Մեր համեստ և միշտ լուրջ թիմակիցը, երբեք չէր խոսել, այդքան տաղանդավոր
լինելու մասին: Կարինեն երգում է, միարժամանակ նվագում, և երաժշտությունը հնչում է
այնպես, ինչպես Կարինեն է՝ մեղմ, գեղեցիկ: Աննային երգելը դուր է եկել. երկրորդ անգամ
բարձրանում է բեմ, «Թռչեի մտքով տուն» երգով: Երեկոյի ավարտով, և ամփոփվում է նաև ֆորումի
մշակութային մասը:
22.07, օր երրորդ: Այսօրվանից մեկնարկում է կոմիտեների աշխատանքը: Առաջին հերթին՝ գրում ենք թիմային
աշխատանքի տասը ոսկե կանոնները՝ հարգել միմյանց կարծիքը, ակտիվ լինել, բանավիճել, ժպտալ,
պատասխանատու և ճշտպահ լինել: Ֆորումի ընթացքում մեզ բաժին է հասել ամենահետաքրքիր
թեմաներից մեկը. «կրթություն և մշակույթ, կրթական գործազրկություն», կարճ՝ CULT (այդպես
էլ մեր թիմի անունը): Հավաքվել ենք մեր թիմով և խոսում ենք Արևելյան Գործընկերության
երկրների կրթական համակարգերի, դրանցում առկա խնդիրների մասին: Ակտիվանում ենք, սկսվում
է բանավեճը, տեղ-տեղ խաղտում ոսկե կանոններից մի քանիսը: Աշխատանքային լեզվին ոչ լիարժեք
տիրապետելը իրեն զգացնել է տալիս, հատկապես իմ պարագայում: Եվ օրվա վերջում մեր կոմիտեի
նախագահը Վահանը առաջարկում է շրջան կազմել, փակել աչքերը, պարզել ձեռքերը և հինգ միավորանոց
համակարգով գնահատել օրվա արդյունավետությունը: Ես ցույց եմ տալիս երկու մատ:
23.07, օր չորրորդ: ԱՅԲ դպրոցի ճանապարհին եմ, Աննայի հետ: Ինքս ինձ հրամայում ու համոզում եմ անտեսել
անգլերենի սխալներս, և որ պարտավոր չեմ օտար լեզուն մայրենիի պես իմանալ: Փոստիս ուղարկված
բազմաթիվ հղումները ուսումնասիրելուց հետո, թեման կարելի է յուրացրած համարել: Այսօր
որոշել ենք լավ աշխատել: Խնդիրները արդեն առանձնացրել ենք, այսօր դրանց լուծման ուղիներ
ենք փնտրում: Դա իհարկե հեշտ գործ չէ, որովհետև, եթե ունենար պարզ լուծում, վաղուց
արդեն լուծված կլիներ: Պետք է գտնել այնպիսի տարբերակ, որտեղ կհամատեղվեն երկու, երբեմն
երեք կողմերի շահերը: Խնդրի վիճելիությունը ստիպեց մեզ աշխատել անգամ ընդմիջմանը: Մեր
կոմիտեի նախագահները հիացած են մեր ոգևորվածությամբ և ցուցաբերած արդյունքներով: Եվ
ավարտեցինք նախատեսածից մեկ ժամ շուտ: Մնում է որոշել՝ կոմիտեների ընդհանուր ժողովի
ընթացքում ով, ինչ է անելու: Ինձ բաժին է հասնում ներկայացման ամենապատասխանատու մասերից
մեկը՝ «վերջին խոսքը»: Եվ նորից շրջան ենք անում, և փակում աչքերը: Այսօր տրամադրությունը
բարձր է, բոլորը ուրախ ու ոգևորված են: Ես ցույց եմ տալիս չորս մատ:
24.07, օր հինգերորդ: Առավոտյան ժամը չորսն անց երեսուն: Մինչ բոլորը քնած են, ես օգտվում եմ իդեալական
լռությունից և գրում մոտավորապես այսպիսի բովանդակություն ունեցող ամփոփիչ խոսքս՝ Dear Mrs President, Honorable members of the board, distingushished guests
and fellow delegates: Երեք ժամ, և իմ
տեքստը պատրաստ է: Այն պետք է համոզիչ լինի, որ ստիպի ֆորումի մասնակից սովորող-խորհրդարանականներին
քվեարկել մեր նախագծի օգտին: Մի քանի ժամով մենք հայտնվում ենք Եվրոպական Երիտասարդական
Խորհրդարանի պատգամավորի դերում, և առաջարկում ենք որևէ ոլորտում առկա խնդիրների լուծման
տարբերակներ: Ժամը տասն է, «Էլիտ Պլազա»-ում ենք: Վերջին հրահանգները և ոգևորող խոսքերը
CULT-ի նախագահներից, և ամփոփումը սկսվում է: Այժմ ինձ ու բոլորին հուզում է մի շատ
կարևոր հարց՝ երբ ենք ներկայանալու: Պարզվում է՝ երրորդն ենք: Սկսում է Աննան, կարդում
մեր տեքստը: Հարցերի փուլն է, և հակառակորդ թիմերի հարցերը մեր կանխատեսումների շրջանակում
են, և մենք հերթով պատասխանում ենք մեզ ուղղված հարցերին: Երկրորդ փուլից, ժյուրին
այլևս հարց չուներ տալու: Լարվածություն չկա, և ահա իմ հերթն է: Պատգամավորի կերպարի
մեջ, խորհրդարանական տեքստով, ժպիտը երեսիս ու արդեն հաղթանակած: Ես իմ թիմով հպարտ
եմ, ու զարմացած ինձ վրա: Ամենակարևոր պահն է. սկսվում է քվեարկության փուլը: Մեզ ձայն
տվող չկա՞: Չկա՛: Մենք տխրել ենք, ժյուրին ու բոլորը՝ զարմացած են: Բայց հո գիտենք,
որ լավ ենք ներկայացել: Ավարտվում է կոմիտեների ներկայացման փուլը: Արդեն ամփոփում
են ֆորումի արդյունքները: Արդեն հայտնի են հաղթող երկու դպրոցները: Մենք երկուսից մեկը
չենք, բայց տրամադրությունը բարձր է: Դիտում ենք ֆորումի հաջողված կադրերը, ծիծաղում
ու վերհիշում ուրախ պահերը: Կամաց-կամաց մոտենում է ֆորումի ավարտը: Մի թեթև լցված
աչքեր կան:
25.07: Այսօր ես զբաղված
եմ վերջին հինգ օրվա նշումներս ու տպավորություններս հավաքելով: Վեջին հինգ օրվա ընթացքում,
ես լավ մարդկանց հետ ծանոթացա, անգլերենի հմտություններս բարելավեցի, ուրախ և ուսումնական
ժամանակ ունեցա: Դրական տպավորություններ, և հիշարժան պահեր, որ երկար ժամանակ չեմ
մոռանա: Իսկ վաղվանից նորից սկսվում է իմ ինքնուսուցման շրջանը: Երկար շրջանը…
Մերի Թելունց
No comments:
Post a Comment