1.03.2016

Սեփական փորձից


Օրեր առաջ ավարտվեց կարևոր որոշումների, զբաղվածության, հետաքրքիր գաղափարների իրագործման, անսպասելի անակնկալների և մրցանակներով լի 2015, որ պահեց ինձ հաճելի լարվածության ու անհանգստության մեջ: Տարին սկսվեց «Դիջիթեք 2015» միջազգային ստուգատեսում «Ուսումնական նախագիծ» անվանակարգում գլխավոր մրցանակի արժանանալով: «Տնտեսագետի» ակումբի` «Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատեսը, ճանաչվեց լավագույն նախագիծ, իսկ մեկ ամիս անց տրվեց ստուգատեսի պաշտոնական բացումը: Գիտեմ` այնքան եմ պատմել, խոսել, որ հաստատ նոր բան ավելացնել չեմ կարողանա. կարծում եմ այն դարձավ կրթահամալիրում իրականացված լավագույն ուսումնական նախագծերից մեկը: Բայց մարտ ամիսը միամսյակով չսահմանափակվեց: «Տիգրան Հայրապետյան» ամենամյա ստուգատեսի ընթացքում, բլոգավարության, ինչպես նաև քաղաքական և տնտեսական նյութերի հեղինակման համար, կրթահամալիրը շնորհեց ինձ «Տիգրան Հայրապետյան» մրցանակը: Սպասված և կարևոր մրցանակ, որ պատվաբեր է յուրաքանչյուր սեբաստացու համար. շնորհակալ եմ: Եկավ ամառը, «Սինոփսիս» ընկերությունում ունեցած հարցազրույցը, դարձրեց ինձ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի արժանացած երկու սեբաստացիներից մեկը, իսկ արդեն հոկտեմբերին մրցանակաբաշխությունն էր: Ամռան հաջորդ իրադարձությունը կրթահամալիրը` «Եվրոպական Երիտասարդական Խորհրդարանի» կազմակերպած ֆորումում ներկայացնելն էր: Յոթ հոգուց բաղկացած մեր թիմը զարմացրեց մասնակիցներին հատկապես դպրոցների ներկայացման փուլում: Հիշում եմ, թե ինչպիսի ոգևորություն կար մեր ու մնացածի աչքերում, երբ էկրանին կրթահամալիրի մասին պատմող ֆիլմն էր. հեծանիվներ, առողջ ապրելակերպ, ամառային դպրոցի լողորդ սովորողներ, ստուգատեսներ, մարմարյա սրահ: Կրթահամալիրյան առօրիայի ներկայացման ձևը գնահատանքի արժանացավ: Ֆորումին մասնակցելու ընթացքում նոր ընկեր և ծանոթություններ ունեցա, սեպտեմբերին լրացրեցի անդամակցության հայտը. այդօրվանից «Եվրոպական Երիտասարդական Խորհրդարանի» անդամ եմ:  Ամառը հետաքրքիր էր նաև կամավորական աշխատանքներով: Ես փորձեցի օգտակար լինել ոչ միայն Երևանում, այլև մարզերում. մեկնեցի Սևան, անդամակցեցի տեղի երիտասարդական ակումբին, կամավոր դարձա «Տերտերյանի ժամանակը» փառատոնի կազմակերպչական թիմում: Հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին զբաղված էի ամենօրյա դասերով, և դեկտեմբերին կայանալիք անգլերենի քննությանը պատրաստվելով: Իրականում TOEFL քննությունը լեզու սովորել չսիրող և չզարգացած հիշողություն ունեցող մարդու համար ահագին դժվարություն է: Ամերիկյան մոդելով կազմած քննությունը ստուգում է միանգամից լեզվական մի քանի հմտություն` կարդալ, լսել, խոսել, գրել: Ես որոշեցի քննություն հանձնել յոթ ամիս առաջ, և հենց այդ ժամանակ էլ սկսվեց ինքնակրթության անհետաքրքիր և երկար պրոցեսը: Երբեք անգիր անել չեմ սիրել, բայց ստիպված էի սովորել երեսուն-հիսուն բառ ամեն օր: Անկարողությունը մարդուն հնարամիտ է դարձնում. սկսեցի մեթոդներ մշակել, բառերը հեշտ սովորելու համար, լսել մասնագետների և անգլերեն` որպես մայրենի խոսող մարդկանց խորհուրդները: Այնուամենայնիվ մի քանի միավոր խանգարեց, որ բարձր գնահատական ստանալու առաջադրանքը լիովին կատարված համարեմ: Չեմ հուսահատվում. ինձ մի անգամ ինձ ասել են` դեռ շատ սխալվելու հնարավորություն ունեմ:

Ասում են` ժամանակի հետ մարդը փոխվում է. բնավորությունը, սովորությունները, մտածելակերպը: 2015-ին սովորեցի` հաջողության աստիճանում պետք է երկու քայլ բարձրանաս ու մի քայլ ընկնես, և ընկնելիս պետք է սովորես սխալներդ ուղղել: Կարող ես տխրել, բայց չհիասթափվել ու շարունակել է պետք, որ ապացուցես, որ ցույց տաս, որ ուրախացնես բոլոր նրանց, ովքեր ցանկացան տեսնել քո հաղթանակը և ովքեր կասկածում էին, որ հաղթելու ես: Պետք է քննադատես քեզ մեկ-մեկ, ու խստապահանջ լինես քո եսի հանդեպ: Պետք է հաղթես սեփական ծուլությանը ու գիտակցես` ինչ գիտես ու չգիտես: Եվ սա ընդամենը ընթացք է. հաղթում են նրանք, ովքեր կարողանում են պահել բնականոն կայունությունը. 2016-ին կփորձեմ պահպանել դա: Նոր տարում որոշել եմ վայելել դպրոցական լինելու վերջին ամիսները: Որոշել եմ կոտրել սեբաստացուն չսազող երկու հիմար բարդույթներս. և վերջապես կսովորեմ ես պարել ու հեծանիվ քշել: Շնորհավոր Նոր տարի: Հաղթանակների տարի լինի… 
Մերի Թելունց

No comments:

Post a Comment