3.27.2014

Հայաստանյան իրականության հայտնի և անհայտ բարերարները

Ֆիզիկական և իրավաբանական անձանց, ֆինանսական կառույցների, պետությունների կողմից իրականացվող դրամական փոխանցումները` մի երկրից մյուսը կոչվում է տրանսֆերտ: Սրանք ոչ առևտրային նպատակով տրվող գումարներ են, որոնք չեն հետապնդում շահույթ, տրվում են անհատույց և անվերադարձ: Հարկ է տարանջատել երկու տեսակի տրանսֆերտներ`պետական և մասնավոր: Պետական տրանսֆերտ է կոչվում պետությունների միջև միմյանց տրամադրող դոտացիանները, որոնք նախապես ամրագրվում են դոտացիա տրամադրող պետության տվյալ տարվա պետական բյուջեով: Պետական տրանսֆերտ է համարվում նաև միջազգային ֆինանսական կառույցների կողմից տվյալ երկրին անհատույց տրամադրվող գումարները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարները: Որպես պետական տրանսֆերտ, պետությանն ուղարկվող գումարները համարվում են պետության սեփականությունը: Պետությունը ազատ է դրանք տնօրինել ցանկացած ոլորտում` տնտեսության զարգացում ապահովելու համար (եթե իհարկե ֆինանսավորող երկիրը կամ կազմակերպությունը չի նշել, թե հատուկ որ ոլորտին պետք է տրամադրվեն իր տրամադրած միջոցները): Այլ է իրավիճակը մասնավոր տրանսֆերտի դեպքում: Մասնավոր տրանսֆերտ է կոչվում, մեկ այլ երկրից ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բնակչությանն ուղարկված դրամական փոխանցումները: Դրանք բնակչության պատկանող միջոցներ են, սակայն պակաս նշանակություն չունեն տնտեսության մեջ: Պետությունը հարստանում է յուրաքաչնյուր տրանսֆերտով: Երկրում ավելանում է շրջանառվող փողը, կայունանում է ազգային արժույթը, շուկայում մեծանում է պահանջարկը, ինչը հանգեցնում է ապրանքների և ծառայությունների սպառման աճին, գնողունակության բարձրացմանը: Տրանսֆերտները ժամանակավոր կայունացնում են երկրի տնտեսությունը և դրանց ազդեցությունը հատկապես փոքր և զարգացող տնտեսություն ունեցող պետությունների վրա շատ մեծ է: Հայաստանը նույնպես գտնվում է տնտեսական զարգացման փուլում, ուստի մեր պետության համար տրանսֆերտների առկայությունը ոչ միայն կարևոր, այլև պարտադիր նախապայման է: 2013թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ոչ կոմերցիոն (առևտրային) նպատակով, (միայն ֆիզիկական անձանց կողմից) առտերկրից դրամական փոխանցումների տեսքով ստացված գումարի չափը կազմում է 1մլրդ 869,7մլն ԱՄՆ դոլար (գումարի չափը տարեցտարի մեծանում է, նախորդ տարվա համեմատ թիվն աճել է 11%-ով): Եթե այս թվին գումարենք նաև պետական տրանսֆերտները, ապա ստացված թիվը գրեթե հավասար կլինի 2014թվականանի պետական բյուջեի եկամուտներին և երկրի ՀՆԱ-ի 15%-ին: Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների մոտ 90%-ը ուղարկվում է Ռուսաստանի Դաշնությունից, 6% ԱՄՆ-ից, իսկ մնացած 4%-ը այլ պետություններից`Ղազախստան, Ուկրաինա, Գերմանիա: Մեծ է նաև պետական տրանսֆերտների ազդեցությունը: Այսօր Հայաստանը չի կարող գոյատևել առանց տրանսֆերտների, բայց դա ամենևին չի նշանակում, որ տրանսֆերտների առկայությունը միայն դրական, իսկ դրանցից այդքան կախում ունենալը նորմալ երևույթ է: Որքան կարևորություն ունեն տրանսֆերտները տնտեսության մեջ, այդքան մեծ է պետության խոցելիությունը և այլ երկրների տնտեսություններից կախվածությունը: Ինչպես նշեցի, մասնավոր տրանսֆերտների 90%-ը ուղարկվում է Հայաստան ՌԴ-ից, պարզ է որ այդ գումարները ուղարկում են ՌԴ-ում ապրող, ազգությամբ հայ` աշխատանքային միգրանտները: Երևույթը բացասական է նրանով, որ ռուսական ռուբլու արժեզրկումը, զգալի վնաս կարող է հասցնել Հայաստանի տնտեսությանը:
Ռուսական ռուբլու արժեզրկման պարագայում կցածրանա այն հայաստանցիների կենսամակարդակը, ովքեր ապրում են ռուսաստանաբնակ հարազատների կողմից դրամական փոխանցումների հաշվին, իսկ դա կանխելու համար Հայաստանի կառավարությունը ոչինչ անել չի կարող: Հայաստանի տնտեսության խոցելիությունը բարձր է, դիմադրողականությունը` ցածր: Ի՞նչ կլինի եթե օրերից մի օր արտերկրում ապրող աշխատանքային միգրատները որոշեն փող չուղարկել իրենց հարազատներին, կամ հայաստանաբնակ հարազատներն էլ մի օր արտագաղթեն երկրից: Դժվար է ասել, թե ինչ կլինի, բայց հաշվի առնելով այն, որ Հայաստանը օրական լքում է 450մարդ և որոնց 60%-ը արտագաղթում է ընտանիքով, մշտական բնակության և Հայաստան չվերադառնալու պայմանով, ապա մի քանի տարի հետո, Հայաստանը տրանսֆերտների կարիք չի ունենա: Այդ ժամանակ մեր տնտեսությունը զերծ կմնա արտաքին ազդեցությունից, շենքերը կապրեն ուրախ և երջանիկ: Իհարկե սա վերաբերվում է ապագային, այժմ ուրախանալ պետք չէ, որովհետև մեզ սպասում են դեռ պետական տրանսֆերտներից առաջացած հետևանքները: Այս դեպքում խնդիրը ավելի լուրջ է, քան առաջինում: Եթե մասնավորի պարագայում, մենք կարող էին հույս դնել մեր հայրենակիցների առատաձեռնության և հարազատին օգնելու պատրաստակամության վրա, ապա պետական տրանսֆերտների դեպքում մենք ոչինչ անել չենք կարող: Պետությունները որոնք անհատույց (բայց շահախնդիր) օգնում են Հայաստանին հիմնականում ԱՄՆ-ն և ՌԴ-ն են: Իհարկե նրանց օգնությունը միայն ազգերի միջև խաղաղության և եղբայրական հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլ չէ, այլ ունի ավելի խոր`քաղաքական նկատառումներ: Ռուսաստանից Հայաստանին ուղարկվող օգնության համար մենք ստիպված ենք միշտ «ենթարկվել և չջղայնացնել» մեր ավագ եղբայր Ռուսաստանին: Մենք դաշնակից ենք նրա համար Կովկասում և այլընտրանք չունեցող անդամ Մաքսային միությունում: ԱՄՆ-ն օգնում է Հայաստանին որպեսզի չճանաչի հայոց ցեղասպանությունը, այդպիսով գոհացնելով կոնգրեսի հայամեդ անդամներին, չնայած անդամները կարծես արդեն գոհացել են. 2015թվականին ԱՄՆ-ից Հայաստանին տրվող անհատույց օգնության չափը նվազելու է 30%-ով, 35.7մլն ԱՄՆ դոլարից դառնալով 24.7մլն ԱՄՆ դոլար: Այսօր նվազել է ԱՄՆ-ից Հայաստանին տրվող օգնության չափը, վաղը կարող է ընդանրապես չլինել, նույնը կարող է լինել և Ռուսաստանի հետ, իսկ մենք պետք է ապավինենք ճարահատյալ բարերարների օգնությանը: Պետությունը միայն մասնավոր տրանսֆերտներից հարստացել է 1,8մլրդ դոլարով, փոխարենը կորցրել է ավելի քան 150 հազար մարդ: Ստացվում է Հայաստանը լքած աշխատանքային միգրանտները աշխատում են ոչ միայն իրենց, այլ մի ողջ պետության համար, քայքայումից փրկելով երկրի տնտեսությունը: Ահա թե ինչու է ՀՀ կառավարությունը հումորով վերաբերվում արտագաղթի նման հուզառատ թեմայի և դրա կանխարգելմանն և վերացման ուղղված միջոցառումները այդպես էլ մնում են, որպես «իրականացվելիք» նախագծեր` սփյուռքի նախարարության սեղանին: Արտագաղթը հանգեցնում է հայ էթնոսի ոչնչացմանը…

Մերի Թելունց

No comments:

Post a Comment