3.09.2014

Տնտեսական ներկա հիմնախնդիրները ՀՀ-ում

Շուրջ հինգ դար առաջ`16-րդ դարում, իսպանացի տնտեսագետ, փաստաբան Խուան դը Մատենսոնը ստեղծեց տնտեսության կառուցվածքի մի այնպիսի մոդել, որի հիմքում ընկած էր արտադրողների միջև մրցակցությունը, որը պետք է խթաներ տնտեսության զարգացմանը: Տնտեսության հիմքում նադրեց շուկայում առաջարկը և պահանաջարկը, քանզի կարծում էր, որ այս երկու հասկացություններնէին ձևավորում շուկան և շուկայական գինը: Դարեր առաջ ստեղծված այս տնտեսական համակարգը մինչ այժմ համարվում է երբևէ ստեղծված ամենաարդյունավետ տնտեսական մոդելը, որը, չնայած իր թերություններին և դրանցից բխող հիմնախնդիրներին, պետության կողմից ճիշտ կարգավորման դեպքում կարող է զարգացած տնտեսության հիմք դառնալ: Շուկայական տնտեսության գլխավոր բնութագրիչը ազատ ձեռնարկատիրության իրավունքն է: Ձեռնարկատիրական գործունեություն կարող են ծավալել բոլորը և բնականաբար, որքան շատ են շուկայում արտադրողները այնքան մեծ է մրցակցությունը, ինչը հանգեցնում է սպառողի համար երկու դրական փոփոխության` ապրանքի որակի բարձացման և շուկայական գնի նվազման: Իհարկե, գործնականում ամեն ինչ այսքան արդար ու իդեալական չէ: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ ավելի մեծ ռեսուրսներ ունեցող ձեռնարկատերերը շուկայից դուրս են հանում ավելի փոքր ձեռներեցներին` ի վերջո շուկայում մենաշնորհ ստանալով: Այստեղ արդեն անհրաժեշտ է պետության միջամտությունը, որը պետք է կարգավորիչ դեր ունենա, երբ տնտեսությունում բևեռացում է նկատվում: Պետության գործառույթը այս դեպքում հարկաբյուջետային քաղաքականություն վարելն է: Պետությունը պետք է օժանդակի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը` սուբսիդիաներ և դոտացիաներ տրամադրելով (սա հարկաբյուջետային քաղաքականության խթանող ուղղությունն է), և հակառակը, մեծացնի այն ձեռնարկությունների հարկերը, որոնք ենթական են շուկայում մենաշնորհ դառնալու (զսպող ուղղություն): Շուկայական տնտեսության թերություններից մեկը հանրային ծառայությունների բացակայությունն է: Շուկան գտնվում է մասնավորի ձեռքում և բնականաբար, իր անձնական շահույթը հետապնդող ձեռներեցը չի մտածի հանրային շահի մասին, առավել ևս դա ապահովելու համար չի վճարի իր գրպանից: Այս խնդիրը լուծելու համար գոյություն ունեն պետական կառույցներ (թաղապետարաններ, գյուղապետարաններ և այլն) որոնք ապահովում են հանրային ծառայությունների աշխատանքը: 


Հայաստանի Հանրապետությունը սահմանադրությամբ հռչակվեց շուկայական տնտեսությամբ կառավարվող երկիր, անկախացումից հետո միայն: Սեփականության պետական ձևից անցումը սեփականության բազմաբնույթ (մասնավոր) ձևին մեծ փոփոխություն էր մինչ այդ Խորհրդային Հայաստանի վարչահրամայական (պլանային) տնտեսության համար: Թվում էր, թե տնտեսական մոդելի փոփոխությունը պետք է զարգացում ապահովեր Հայաստանի տնտեսությանը, բայց, ինչքան էլ որ ցավալի է, Հայաստանը, քաղեց երբևէ ստեղծված ամենալավ տնտեսական համակարգի միայն թերությունները: Այդ են վկայում ՀՀ-ում տնտեսական հիմնախնդիրները, որոնք գնալով ավելանում են: Թերևս ՀՀ-ում ամենամեծ հիմնախնդիրը գործազրկության բարձր մակարդակն է, որը 2013 թվականին կազմել է շուրջ 18.64%: Այս թիվը իրենից ներկայացնում է միայն գրանցված գործազուրկների քանակը, հետրաբար այն իրականում ավելի մեծ է: Գործազրկությունը ունի տնտեսական և սոցիալական հետևանքներ: Եթե գործազրկությունը երկրում մեծանում է1%-ով, ապա իրական ՀՆԱ-ի աճը նվազում է 2%-ով:  Շուկայում նվազում են սպառողները, ինչը հանգեցնում է արտադրական ծավալների կրճատման, ընդ որում կրկնակի: Գործազրկությունը հանգեցնում է աղքատության, երկրում աղքատները և ծայրահեղ աղքատները կազմում են ընդհանուր բնակչության 30%-ը, նույն ժամանակահատվածում Հայաստանի ամբողջ ՀՆԱ-ի 70%-ը տնօրինվում է 40 ընտանիքի կողմից: Ահա այստեղից էլ բխում է Հայաստանի տնտեսության երկրորդ հիմնախնդիրը` մենաշնորհների (մոնոպոլների) առկայությունը: Մենաշնորհ է կոչվում այն երևույթը, երբ շուկայում արտադրողը մրցակից չունի, նա է թելադրում գինը, որակը, և թե ինչպիսին կլինի ապրանքը և ինչ գնով կվաճառվի շուկայում, կախված է արտադրողի բարեխղճությունից: Սպառողը այդ դեպքում այլընտրանք չունի և ստիպված է բավարարվել նրանով, ինչ կա շուկայում: Իսկ մնացած արտադրողները պարզապես հնարավորություն չունեն շուկա մտնելու: Իրականում մենաշնորհ չի կարող լինել առանց պետական «աջակցության»: Պետությունը չի խանգարում (եթե իհարկե չի էլ օժանդակում) երկրում մենաշնորհների առաջացմանը, այժմ Հայաստանում մենաշնորային դիրք ունեցող հայտնի օլիգարխները շատ հանգիստ խուսափում են հարկերից և օգտվում սպիտակ օձիգավորների աջակցությունունից: Իրականում նրանք չէին կարող մենաշնորհ դառնալ, եթե չունենային հասարակական էլիտայի`պետական հովանավորությունը: Բնականաբար, այս պայմաններում տնտեսական աճի մասին խոսելն անիմաստ է: Երկրում մենաշնորհը հանգեցնում է նրան, որ գնաճը պետության կողմից կառավարելի չէ (2013-ին գնաճը կազմել է 6.8%): Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ՀՀ-ում կազմում է ավելի պակաս քան 3000 դոլարը, համեմատության համար նշեմ որ ԱՄՆ-ում այս թիվը մեծ է մեր թվից շուրջ 15 անգամ, այն կազմում է 45000 դոլար: Հայաստանում սալդոն միշտ բացասական է, ներմուծումը երեք անգամգերազանցում է արտահանումը, երկրի արտադրական ծավալները շատ ցածր են, որովհետև Հայաստանում գրեթե բոլոր խոշոր արտադրական ճյուղերը գտնվում են այլ պետությունների ձեռքում: Հայաստանում առևտրաշրջանառությունը կենտրոնացված է Երևանում, մասնավորապես Երևանի կենտրոնում, իսկ մնացած քաղաքները զրկված են զարգացման հեռանկար ունենալու հնարավորությունից: Այժմ փորձեր են իրականացվում երկրի տնտեսական կենտրոնը Դիլիջան տեղափոխելու համար, բայց դա ժամանակատար ու ծախսատար գործընթաց է: Ըստ Forbes ամսագրի Հայաստանը աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցանկում գրավում է «պատվավոր» երկրորդ հորիզոնականը: Հետազոտությունը իրականացվել է` հաշվի առնելով երկրում մակրոտնտեսական ցուցանիշները և տնտեսական աճի կանխատեսումները: Իսկ  ի՞նչ է անում մեր պետությունը այս «պատվաբեր» կոչումից ազատվելու համար, գուցե՞ գերադասում է լինել առաջինը նույնիսկ այս ասպարեզում, կամ վարկանիշ է էլի, թող բարձր լինի: Ստացվում է մենք քաղում ենք շուկայական տնտեսության միայն թերությունները, մեր երկրում ո'չ ազատ մրցակցություն կա, ո'չ շուկայում արտադրողների բազմազանություն, շուկայական գինն էլ… է, ո՞վ գիտի` ով է որոշում, մենք դրա հետ կապ չունենք: Գուցե ժամանակն է վերադառնալու հին ու բարի պլանային տնտեսությանը…

Մերի Թելունց

No comments:

Post a Comment