9.07.2014

Փարիզի Աստվածամոր տաճարը

Ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ Վիկտոր Հյուգոն մի առիթով ասել է «Գիրք կարդալը կենսափորձ է»: Կարդալով մենք տեսնում ենք աշխարհը, մտովի պատկերացնում մեզ մեր սիրելի հերոսի դերում, ապրում նրա հետ ու հաղթահարում նրա գրքային կյանքում հանդիպող խոչնդոտները, հիանում և քննադատում ենք նրան: Մենք տեսնում ենք հորինված մարդկանց սխալներն ու դրանց հետևանքները, երբեմն հետևություններ ենք անում ու փորձում, այդպես չվարվել իրական կյանքում: Եվ կարդալով տեսնում ենք կյանքը, այսպես է մտածել ֆրանսիական գրականության հանճարներից մեկը` Վիկտոր Հյուգոն:

Ամենամյա անհրաժեշտ «կենսափորձ»-ի պահանջը, որ ամառային ընթերցանության շնորհիվ կամա թե ակամա հագեցնում են գրեթե բոլոր դպրոցականները, այս տարի ստիպեց ինձ կարդալ Վիկտոր Հյուգոի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը: Իհարկե Հյուգո չհավանել չէի կարող, բայց նա ով կարդում է նրա գործերից և որևիցե մեկը պետք է հաշտվի, որ Հյուգոն այն գրողներից չէ, որ պարզ ու հասկանալի ձևով մատուցում է ստեղծագործության ասելիքը: Պետք է մտածել, երևակայել, և հանկարծ չհիասթափվել ու չձանձրանալ գրքից, երբ հանդիպում ես անհամար նկարագրությունների, որոնք առաջին հայացքից բացարձակապես կապ չունեն վեպի բուն սյուժեի հետ և որոնց իմաստը հասկանում ես գիրքն ավարտելուց հետո միայն: «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը կանացի գեղեցկության և դրա կործանարար հետևանքների մասին է: Վեպի հերոսուհին` գնչու գեղեցկուհի Էսմերալդան, թափառական պարուհի է լինում, ով իր իր գեղեցիկ ձայնով, չքնաղ պարով և կանացի հմայքով գրավում է երեք տղամարդկանց սրտերը: Երեք սիրահար`Աստվածամոր տաճարի ժամհար` անճոռնի Քվազիմոնդոն, տաճարի քահանա Կլոդ Ֆրոլոն և փիլիոսոփա Պիեռ Գրենգուարը, ամեն ինչ անում են գեղեցկուհու սիրտը գրավելու համար, սակայն գեղեցկուհին նրանցից և ոչ մեկին չի նկատում, քանի որ սիրում է մեկ այլ մարդու` կապիտան Ֆեբուսին, ում նկատմամբ անպատասխան զգացմունքներն էլ դառնում են աղջկա մահվան պատճառ: Գիրքը դրամատիկ է, և դրամատիկ ավարտ է ունենում: Էսմերալդայով հմայվածները (բացի Քվազիմոնդոից), նրան գրավելու համար դիմում էին նենգ քայլերի, և ծանր իրավիճակում դավաճանում են նրան, թողնելով աղջկան միայնակ թշնամիների բանակում: Իրականում երեքից և ոչ մեկը Էսմերալդային նույն ձևով չէր սիրում: Աղջկա հանդեպ զգացած խենթացնող կիրքը, բարեպաշտ քահանային դարձրեց նենգ և անողոք: Քահանայի սրտում Էսմերալդայի վառած կրակը, մոռացնել տվել հոգևորականի սքեմը և աստվածաշնչյան աղոթքները, նա սկսեց գնահատել և ցանկանալ կնոջ մարմնական գեղեցկությունը: Գրենգուարը սիրում էր աղջկա պարզությունը, մաքրություննը, թեթևությունն, եռանդը: Էսմարալդայի կողքին, նա ազատ էր, գեղեցիկ կինը ներշնչանք է ցանկացած փիլիսոփայի համար, իսկ Գրենգուարը նվիրյալ փիլիսոփա էր: Ֆեբուսը` կապիտանը ում սիրում էր գնչուհին, նրան չէր սիրում, նա խաղում էր աղջկա զգացմունքների հետ, օգտագործում էր նրան: Էսմերալդային շրջապատող բոլոր տղամարդկանցից ամենաանկեղծն ու նվիրվածը Քվազիմոնդոն էր, այն անճոռնին, ում ծաղրում և որից, իր տգեղության համար վախենում էին բոլորը: Նա, ով այն այնքան էր սիրում աղջկան, որ հանուն նրա երջանկության համար, պատրաստ էր մեծահոգաբար զիջել նրան մեկ այլ տղամարդու, ով վերջում ցույց տվեց իր հավատարմությունը, մահացավ աղջկա հետ: Էսմերալդայի երկրպագուները սիրում էին նրա արժանիքիները, Քվազիմոնդոն սիրում էր Էսմերալդային:


Հյուգոն ասել է գիրք կարդալը կենսափորձ է, ես ասում եմ`ուսուցողական է: Հյուգո կարդալով հասկացա, երեք զգացմունքների տարբերությունը, որոնք մենք միշտ խառնում ենք սիրո հետ: Կիրքը, հիացմունքը, հավատարմությունը փոխմիարժեք, բայց ոչ փոխլրացնող զգացմունքներ են: Սերը նրանց հանրագումարն է, գեղեցիկ սերը`արտադրյալը:

No comments:

Post a Comment